Ճապոնիայի տիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) հաջողությամբ իրականացրել է բազմակի օգտագործման հրթիռի նախատիպի առաջին փորձնական արձակումն ու վայրէջքը, հայտնում է «AFP»-ն։

Այս փորձարկումը կարևոր քայլ էր այն տեխնոլոգիայի զարգացման գործում, որը թույլ է տալիս նվազեցնել տիեզերական արձակումների արժեքը և այսօր ակտիվորեն զարգացվում է աշխարհի առաջատար տիեզերական ընկերությունների կողմից։

Նախատիպն արձակվել է Ակիտա պրեֆեկտուրայի Նոսիրո քաղաքում գտնվող JAXA-ի փորձարկման պոլիգոնից։ Հրթիռը բարձրացել է մոտ 10 մետր, ինչից հետո հաջող վայրէջք է կատարել։ Ամբողջ թռիչքը տևել է շուրջ 40 վայրկյան։

Փորձարկումների ղեկավար Տակասի Իտոն հայտարարել է, որ տևական պատրաստությունից հետո այս արդյունքը թիմին մեծ թեթևություն է պարգևել։

«Մենք շատ ժամանակ ու ջանք ենք ներդրել այս նախագծում, և հիմա, երբ նախատիպն առանց խնդիրների թռիչք ու վայրէջք կատարեց, ես հսկայական թեթևություն եմ զգում»,- ասել է Իտոն։

Նա նշել է, որ մասնագետները դեռ կվերլուծեն ստացված տվյալները, սակայն արդեն իսկ փորձարկումը համարում են հաջողված և օգտակար՝ հետագա մշակումների համար։

Բազմակի օգտագործման հրթիռները համարվում են ժամանակակից տիեզերագնացության առանցքային ուղղություններից մեկը, քանի որ թույլ են տալիս զգալիորեն կրճատել արձակման ծախսերը։ Ավանդական հրթիռները մեծմասամբ օգտագործվում են միայն մեկ անգամ. դրանց մասերը կա՛մ ընկնում են օվկիանոսը, կա՛մ այրվում մթնոլորտում, կա՛մ էլ բեկորների տեսքով մնում տիեզերքում։

Այս ոլորտում առաջատար է համարվում ամերիկյան «SpaceX» ընկերությունը, որը 2017 թվականից օգտագործում է «Falcon 9» բազմակի օգտագործման հրթիռը։ Միևնույն ժամանակ, Չինաստանը նույնպես վերջերս հայտնել էր բազմակի օգտագործման հրթիռի հաջող վայրէջքի մասին՝ էլ ավելի սրելով տիեզերական արդյունաբերության մեջ առկա մրցակցությունը։

Ճապոնիան ձգտում է բարձրացնել իր հրթիռային ոլորտի մրցունակությունը։ Անցյալ տարի «Honda»-ի դուստր ձեռնարկությունն առաջինը ճապոնական ընկերությունների թվում հաջողությամբ իրականացրել է բազմակի օգտագործման հրթիռի արձակումն ու վայրէջքը։ Բացի այդ, հունիսին ճապոնական «H3» կրող հրթիռը հաջող արձակում է իրականացրել՝ նախորդ անհաջող առաքելությունից հետո։

Source: https://news.am/hy/news/1049244