Ռուսաստանյան նավթի հերթական խմբաքանակ է հասել Ճապոնիա՝ Մերձավոր Արևելքի երկրներից էներգակիրների մատակարարումների խափանումների ֆոնին։ Voyager լցանավը, որը մայիսի սկզբին արդեն Սախալինից նավթի խմբաքանակ էր հասցրել ճապոնական Taiyo Oil և Idemitsu Kosan ընկերություններին, ժամանել է ճապոնական ENEOS ընկերության տերմինալ՝ Կիիրե նավահանգստում, ինչպես հետևում է նավերի տեղաշարժին հետևող ծառայությունների տվյալներից, որոնց ծանոթացել է ТАСС-ը։

ENEOS-ում ավելի վաղ ТАСС-ի թղթակցին հայտնել էին, որ «Մերձավոր Արևելքում ընթացիկ իրավիճակի ֆոնին [Ճապոնիայի] էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը դիմել է նավթի լրացուցիչ այլընտրանքային մատակարարումներ իրականացնելու խնդրանքով», ինչի կապակցությամբ էլ գնում է կատարվել Ռուսաստանից։

Մայիսի սկզբին Taiyo Oil և Idemitsu Kosan ընկերությունները ТАСС-ին հայտնել էին Սախալինից ռուսաստանյան նավթի խմբաքանակ գնելու մասին։ 2022 թվականից հետո Ճապոնիան հրաժարվել է ՌԴ-ից նավթի ներմուծումից, սակայն ճապոնական ընկերությունները իշխանությունների խնդրանքով երբեմն գնում են «Սախալին-2» նախագծից փոքր խմբաքանակներ, որոնք կապված են ՍՊԳ-ի մատակարարումների հետ։ Ընդ որում, և՛ Taiyo Oil-ում, և՛ Idemitsu Kosan-ում հայտարարել էին, որ այդ որոշումն ընդունվել է մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացման շրջանակում։ Պայմանագրի ծավալներն ու մանրամասները նրանք չեն բացահայտել, սակայն ավելի ուշ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Կոիտի Հագիուդան հայտնել էր, որ Ճապոնիան վերջերս Ռուսաստանից գնել է մոտ 720 հազար բարել նավթ։

Վերջին տարիներին Ճապոնիան ավելի քան 90%-ով կախված է Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումներից, ընդ որում դրանց մեծ մասն անցնում էր Հորմուզի նեղուցով։ Տոկիոյում հայտարարել էին մատակարարումների այլընտրանքային աղբյուրների որոնման մասին, սակայն հնարավոր մատակարարների շարքում Ռուսաստանը չէին նշել։ Միևնույն ժամանակ հնարավոր այլընտրանքային մատակարարների թվում Ռուսաստանը հիշատակել էր Ճապոնիայի վառելիքային ասոցիացիայի նախագահ Սյունիտի Կիտոն։ Նա ղեկավարում է ճապոնական Idemitsu Kosan ընկերությունը։

Տոկիոյում ՌԴ դեսպան Նիկոլայ Նոզդրևը ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ G7 երկրների «կոլեկտիվ կուրսի» շրջանակում Ճապոնիան որոշում է ընդունել հրաժարվել ռուսաստանյան նավթից և ածխից և տարեկան միայն մեկ-երկու անգամ է «Սախալին-2» նախագծից ձեռք բերում նավթի փոքր ծավալ, որտեղից ստանում է ներմուծվող ամբողջ ՍՊԳ-ի մոտ 9%-ը։

Նա նշել է, որ Տոկիոն չի դիմել նավթի մատակարարումները վերականգնելու խնդրանքով, և հավելել, որ նման հարցման նախապատրաստման դեպքում ճապոնական կողմին անհրաժեշտ կլինի վերացնել պատժամիջոցները, առաջին հերթին՝ ռուսաստանյան նավթի գնի վերին շեմը։

Source: https://news.am/hy/news/1039714