Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականի սկզբից ի վեր ավելացել է 4,82 միլիարդ դոլարով։ Այս մասին վկայում են «Bloomberg» գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaires Index) տվյալները, որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Ըստ վարկանիշային աղյուսակի՝ տարեսկզբից ի վեր կարողության ամենամեծ աճը գրանցվել է «Սևերստալ»-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովի մոտ․ նրա կապիտալն ավելացել է 2,29 միլիարդ դոլարով՝ հասնելով 28,6 միլիարդ դոլարի։ Հաջորդիվ գալիս են «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (+1,8 միլիարդ դոլար, ընդհանուր՝ 25,5 միլիարդ դոլար), «Եվրոխիմ»-ի և «ՍՈՒԷԿ»-ի հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն (+1,71 միլիարդ դոլար, ընդհանուր՝ 20,6 միլիարդ դոլար), Գենադի Տիմչենկոն (+1,15 միլիարդ դոլար, ընդհանուր՝ 15,4 միլիարդ դոլար) և «ՈՒԳՄԿ»-ի հիմնադիր Իսկանդեր Մահմուդովը (+719 միլիոն դոլար, ընդհանուր՝ 8,6 միլիարդ դոլար)։

Աճել է նաև Միխայիլ Ֆրիդմանի (+588 միլիոն դոլար, ընդհանուր՝ 10,7 միլիարդ դոլար), Սուլեյման Քերիմովի (+583 միլիոն դոլար, ընդհանուր՝ 11 միլիարդ դոլար) և Տատյանա Կիմի (+416 միլիոն դոլար, ընդհանուր՝ 8,3 միլիարդ դոլար) կարողությունը։

Ռուսաստանցի միլիարդատերերի շրջանում ամենամեծ կորուստը գրանցել է Միխայիլ Պրոխորովը․ նրա կարողությունը նվազել է 5,46 միլիարդ դոլարով՝ կազմելով 11,1 միլիարդ դոլար։ «Telegram»-ի համահիմնադիր Պավել Դուրովի կապիտալը կրճատվել է 2,21 միլիարդ դոլարով (հասնելով 12,2 միլիարդ դոլարի), իսկ «Նորնիկել»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինինը՝ 1,08 միլիարդ դոլարով (հասնելով 25,3 միլիարդ դոլարի)։

Գործակալությունը «Bloomberg Billionaires Index»-ը հրապարակում է 2012 թվականի մարտից, որում ներառված են մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության վերաբերյալ տվյալները։

Source: https://news.am/hy/news/1047023