Երկուշաբթի «Բավի» սուպերթայֆունը մոլեգնել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ Գուամի մոտակայքի՝ ԱՄՆ տարածք համարվող փոքրիկ Ռոտա կղզում՝ հզոր քամի և տեղատարափ անձրևներ բերելով Հյուսիսային Մարիանյան կղզիներին։

Ցիկլոնը ստանում է սուպերթայֆունի կարգավիճակ, երբ կայուն քամու արագությունը հասնում է 241 կմ/ժ-ի և ավելի, ինչը համապատասխանում է բարձրագույն՝ 4-րդ կամ 5-րդ կարգի հզոր փոթորկին, հաղորդում է Euronews-ը։

Հարևան Գուամ կղզում են տեղակայված Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ առանցքային ռազմական օբյեկտները, դրանց թվում՝ «Անդերսեն» ավիաբազան, որտեղ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացնում են ռմբակոծիչների (ներառյալ B-1, B-2 և B-52) ռոտացիան։ Այստեղ է տեղակայված նաև ԱՄՆ ռազմածովային բազան, որը ծառայում է որպես հինգ հարվածային սուզանավերի հանգրվանման նավահանգիստ։ Գուամ կղզում տեղակայված է գործող կազմի յոթ հազար զինծառայող։

Արշիպելագի մեկ այլ կղզում՝ Թինիանում, ընթանում է օդանավակայանի վերակառուցումը, որը պետք է դառնա այլընտրանքային բազա Գուամի համար՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերը բաշխելու Վաշինգտոնի ռազմավարության շրջանակում։

Source: https://news.am/hy/news/1048247