Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հավանական իրավահաջորդ և Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնեմը հայտարարել է, որ նախապես չի անվանի իր ապագա կառավարության նախարարական պաշտոնների թեկնածուներին: Դրա մասին նա ասել է Մանչեսթերում ունեցած ծրագրային ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է բրիտանական հեռուստաալիքներով:

Բըրնեմը, որը դեռևս Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի միակ թեկնածուն, նշել է, որ չի քննարկի կադրային նշանակումները մինչև ներկուսակցական գործընթացի ավարտը: Ըստ նրա՝ ինքը մտադիր է կուսակցության և երկրի տարբեր հատվածներն արտացոլող «ներառական թիմ» ձևավորել:

Իր ելույթում քաղաքական գործիչը մատնանշել է նաև ապագա քաղաքականության հիմնական ուղղությունները՝ տարածաշրջանների դերի ուժեղացումը և լիազորությունների վերաբաշխումը հօգուտ տեղական իշխանությունների: Նա հաստատել է Մանչեսթերում վարչապետի գրասենյակի ներկայացուցչություն ստեղծելու ծրագրերը, որին կարող են փոխանցվել կենտրոնական ապարատի գործառույթների մի մասը:

Առաջնահերթությունների թվում Բըրնեմը նշել է սոցիալական բնակարանաշինության լայնածավալ ծրագիրը, հարկային համակարգի և մունիցիպալ ծառայությունների բարեփոխումը, ինչպես նաև երկրի վերաարդյունաբերականացման քաղաքականությունը: Նա խոստացել է «Բրիտանիայի վերագործարկում» և կառավարչական գործառույթների մի մասի տեղափոխում Վեստմինստերից տարածաշրջաններ:

Վարչապետ Քիր Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին, սակայն նշել էր, որ կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում մինչև նոր առաջնորդի ընտրությունը:

Source: https://news.am/hy/news/1046678