Մադագասկարի հինգ երիտասարդ տղամարդ հայտարարել են, որ մեկնել էին Կամբոջա՝ իբր կազինոյում պրակտիկա անցնելու համար, սակայն դրա փոխարեն հայտնվել են հարկադիր աշխատանքի պայմաններում՝ աշխարհի խոշորագույն առցանց խարդախության ցանցերից մեկում, հայտնում է NBC News-ը։
Նրանք նշել են, որ խոստացված թափուր աշխատատեղերը ծուղակ են եղել. սահմանամերձ Օշմաչ քաղաք հասնելուց հետո նրանցից վերցրել են հեռախոսներն ու անձնագրերը, որից հետո ստիպել են մասնակցել խարդախ սխեմաների՝ կեղծ հաշիվներ ստեղծել և առցանց հարաբերություններ կառուցել օտարերկրացիների հետ՝ նրանցից գումար կորզելու համար։
Տուժածներից մեկը պայմանները նկարագրել է որպես բռնի և վտանգավոր. «Եթե չաշխատեք, կսպանենք ձեզ», — այսպես են նրանք հիշում հսկիչների խոսքերը։ Տղամարդիկ պնդում են, որ ենթարկվել են ծեծի, զրկվել սննդից և չեն ունեցել կյանքի տարրական պայմանների հասանելիություն։
Այսպես կոչված «խոզ մորթելու» սխեմաների (pig butchering) ցանցը վերջին տարիներին տարածվել է Հարավարևելյան Ասիայում՝ դառնալով բազմամիլիարդանոց խարդախության արդյունաբերություն, որն ուղղված է նաև ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիների դեմ։ ԱՄՆ-ի և միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո Կամբոջայի իշխանությունները սկսել են արշավ նման կենտրոնների դեմ, ներառյալ զանգվածային ձերբակալություններն ու համալիրների փակումը։
Փորձագետների գնահատմամբ, չնայած իշխանությունների ջանքերին, այդ արդյունաբերությունը խորապես արմատավորվել է երկրի տնտեսությունում և պահպանվում է բարդ քրեական կառույցների ու կոռուպցիոն կապերի միջոցով։ Հետաքննությունների տվյալներով, առանձին քաղաքական ազդեցիկ դեմքեր նույնպես կարող են կապված լինել այս ցանցերի հետ, ինչը բարդացնում է դրանց վերացումը։
Ամիսներ տևած հարկադիր աշխատանքից և դիմադրության փորձերից հետո հինգ տղամարդիկ ազատվել են, սակայն շուտով հայտնվել են միգրացիոն կենտրոններում և բախվել նոր դժվարությունների։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք ասում են, որ մինչև այժմ ֆինանսական խնդիրներ ունեն և չեն կարողանում վերականգնել բնականոն կյանքը։
Source: https://news.am/hy/news/1041714