Միացյալ Նահանգները ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդում այլ երկրների հետ դիվանագիտական աշխատանք է տանում՝ ապահովելու բանաձևի նախագծի աջակցությունը, որը պարտավորեցնում է Իրանին գործակալությանը տեղեկացնել ռմբակոծության ենթարկված իր օբյեկտների ճակատագրի, ինչպես նաև այնտեղ պահված հարստացված ուրանի մասին, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ի բանաձևի նախագծի տեքստը, որին ծանոթացել է գործակալությունը և որը տարածվել է 35 երկրներից բաղկացած խորհրդի հերթական եռամսյակային նիստից առաջ, կարող է բարդացնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացիկ բանակցությունները, քանի որ Թեհրանը խիստ բացասաբար է արձագանքում ԱԷՄԳ-ի նման որոշումներին։
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի՝ Իրանի վերաբերյալ բանաձևերը սովորաբար ընդունվում էին ձայների զգալի մեծամասնությամբ, սակայն այս դեպքում փաստաթուղթը կարող է բախվել ավելի լուրջ դիմադրության, քանի որ հենց ԱՄՆ-ն Իսրայելի հետ համատեղ էր հարվածներ հասցրել իրանական միջուկային օբյեկտներին անցյալ տարվա հունիսին, ինչից հետո գործակալությունը զրկվել էր այնտեղ ստուգումներ անցկացնելու հնարավորությունից։
Տեքստում նշվում է, որ Իրանը պետք է «Գործակալությանը տրամադրի ճշգրիտ տեղեկատվություն Իրանում երաշխիքների տակ գտնվող միջուկային նյութերի և օբյեկտների մասին», ինչպես նաև «ապահովի այդ տեղեկատվությունը ստուգելու համար անհրաժեշտ հասանելիությունը», ընդ որում՝ «առանց ձգձգումների», ընդգծելով, որ դա «անհրաժեշտ և հրատապ» է։
Միևնույն ժամանակ, փաստաթուղթը չի նախատեսում հարցի փոխանցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, թեև նախկինում նման միջոցը քննարկվում էր դիվանագետների կողմից։ Դա կարող էր դառնալ 2025 թվականի հունիսի 12-ին ընդունված բանաձևի շարունակությունը, որով Իրանը ճանաչվել էր որպես չտարածման պարտավորությունները խախտող։
Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածներ է սկսել իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ հունիսի 13-ին։
ԱԷՄԳ-ում ԱՄՆ առաքելությունը հրաժարվել է մեկնաբանել նոր բանաձևի առաջմղման նախաձեռնությունը։
Source: https://news.am/hy/news/1041740