ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը վառելիքի մանրածախ վաճառողներին կոչ է արել նվազեցնել բենզինի գները՝ հայտարարելով, որ վարչակազմն ուշադիր հետևում է իրավիճակին այս ամիս անցկացվելիք ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի տոնակատարություններին ընդառաջ։
Fox News-ին տված հարցազրույցում Բեսենթը նշել է, որ խոսքը վերաբերում է ինչպես խոշոր նավթային ընկերություններին, այնպես էլ լիցքավորման կայանների անկախ ու միջազգային ցանցերին։
«Ես կոչ կանեի բենզինի բոլոր վաճառողներին, որոնցից մի քանիսին վերահսկում են խոշոր նավթային ընկերությունները, մի մասն անկախ են, իսկ որոշներն էլ խանութների միջազգային ցանցեր են. ես կոչ կանեի նրանց գործել բարեխղճորեն, հատկապես 250-ամյակի տարում, որովհետև մենք հետևում ենք իրավիճակին»,- հայտարարել է նա։
Նրա հայտարարությունը կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը գները նվազեցնելուց հրաժարվելու դեպքում նախօրեին վառելիքային ընկերություններին սպառնացել էր հետևանքներով։
«Եթե մանրածախ վաճառողները դա չանեն, առջևում նրանց մեծ խնդիրներ են սպասվում։ Սկսեք կողմնորոշվել մեկ գալոնի դիմաց մոտավորապես 2,50 դոլարի մակարդակի վրա»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցում։
ԱՄՆ-ում այս շաբաթ նշվում է երկրի հիմնադրման 250-ամյակը, որը համընկնում է հուլիսի 4-ի Անկախության օրվա տոնակատարության հետ։
Նավթի գներն ավելի վաղ աճել էին փետրվարի վերջին Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից և դրան հաջորդած Իսրայելի ու Պարսից ծոցի երկրների (որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները) դեմ Իրանի պատասխան գործողություններից հետո։
Վառելիքի գների աճի հետնապատկերին սպառողների շրջանում ուժեղանում է դժգոհությունը, ինչը քաղաքականապես զգայուն գործոն է դառնում հանրապետականների համար, որոնք ձգտում են պահպանել իրենց չնչին մեծամասնությունը Կոնգրեսում առաջիկա ընտրություններում։
Source: https://news.am/hy/news/1046925