Վաշինգտոնի կենտրոնում, ԱՄՆ-ի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներից առաջ, անցկացվել է հարյուրավոր մասնակիցների երթը Patriot Front ծայրահեղ աջ կազմակերպության կողմից, որը ամերիկացի փորձագետները դասում են սպիտակամորթների գերակայությանը կողմնակից շարժումների շարքին։
Reuters գործակալության տվյալներով, խումբը հայտնել է, որ մայրաքաղաք է ժամանել մոտ 400 մասնակից։ Լրագրողներն արձանագրել են, թե ինչպես էին կազմակերպությանը բնորոշ համազգեստով մարդիկ տեղաշարժվում քաղաքում, այդ թվում՝ մետրոյով ուղևորությունների ժամանակ։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը, այդ թվում՝ Patriot Front-ի Telegram ալիքից, ցույց են տալիս ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ թմբուկների հնչյունների տակ քայլող շարասյունը։ Մասնակիցները հագնված էին միանման՝ բաց գույնի տաբատներ, կապույտ վերնաշապիկներ, կրում էին գլխարկներ, սպիտակ դիմակներ և արևապաշտպան ակնոցներ։
Երթի ընթացքում նրանք ծածանում էին կազմակերպության դրոշները, Կոնֆեդերացիայի դրոշները և ամերիկյան դրոշի տարբերակներ, ինչպես նաև վանկարկում էին կարգախոսներ, այդ թվում՝ «Վերադարձնենք Ամերիկան» («Reclaim America»)։
Patriot Front-ը լայնորեն բնութագրվում է որպես նեոնացիստական և սպիտակ ազգայնական խմբավորում, որը պարբերաբար անցկացնում է հրապարակային ակցիաներ՝ սպիտակամորթների գերակայության գաղափարախոսությամբ։
Source: https://news.am/hy/news/1047897