«SpaceX» ընկերությունը հաջողությամբ արձակել է «Falcon 9» հրթիռը, որը տիեզերք է հասցրել «Starlink» համակարգի ևս 29 արբանյակ։ Այս մասին հայտնում է «Spectrum News 13» լրատվամիջոցը։
Հրթիռը մեկնարկել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից։ Երկրորդ աստիճանից անջատվելուց հետո «B1080» կրող հրթիռի առաջին աստիճանը հաջողությամբ վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող «A Shortfall of Gravitas» լողացող հարթակի վրա։
2019 թվականի մայիսից ի վեր՝ «Starlink» նախագծի շրջանակում, «SpaceX»-ն արդեն արձակել է ավելի քան 10,5 հազար արբանյակ։ Դրանց մի մասը շարքից դուրս է եկել կամ լքել է ուղեծիրը, սակայն ավելի քան 9,1 հազարն այս պահին էլ գտնվում է ուղեծրում և աշխատունակ վիճակում է։ Ներկայումս «SpaceX»-ն ունի 12 հազար արբանյակ արձակելու թույլտվություն, սակայն ընկերությունը ծրագրում է տիեզերական սարքերի թիվը հասցնել ավելի քան 30 հազարի՝ ողջ աշխարհն արագընթաց ինտերնետով ապահովելու համար։ Նախագծի ընդհանուր ներդրումները գնահատվում են մոտ 10 միլիարդ դոլար։
Source: https://news.am/hy/news/1049764