Բրիտանացի արքայազն Հարրին չի կարողանա հայրենիք կատարելիք այցի ընթացքում բնակվել Բուքինգեմյան պալատում, քանի որ ուշ է հաստատել իր ծրագրերը։ Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
Երկուշաբթի առավոտյան թագավորի կրտսեր որդու ներկայացուցիչը, որը իր ամերիկուհի կնոջ՝ Մեգան Մարքլի, և երկու երեխաների հետ բնակվում է Կալիֆոռնիայում, հայտնել էր, որ ընդունել է իր հոր՝ թագավոր Չարլզ III-ի պաշտոնական նստավայրում մնալու առաջարկը։ Միևնույն ժամանակ արքայազն Հարրիի ներկայացուցիչը, որը պահպանել է Սասեքսի դուքսի տիտղոսը, հաստատել է, որ ընտանիքը նրան չի ուղեկցի Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ընթացքում, որը պետք է սկսվի հուլիսի 6-ին։
Սակայն ավելի ուշ թագավորի դիվանատնից հեռուստաալիքին պարզաբանել են, որ արքայազն Հարրին սահմանված ժամկետում չի հաստատել իր կեցությունը, և Բուքինգեմյան պալատում հյուրընկալվելու առաջարկն այլևս ուժի մեջ չէ։
Ինչպես նշում է The Daily Telegraph թերթը, Սասեքսի դուքսը հուլիսի 4-ին բացասական պատասխան էր տվել պալատում մնալու առաջարկին, սակայն հետո փոխել է իր որոշումը։ Ինչպես հայտնել են պարբերականի աղբյուրները, «այդ պահին արդեն հնարավոր չէր կազմակերպել ընդունելությունը և ապահովել անհրաժեշտ սպասարկումը, քանի որ թագավորական արքունիքին հյուրերի ընդունելությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ է նվազագույն ժամկետ»։
The Daily Telegraph-ը նշում է նաև ևս մեկ պատճառ, որի պատճառով արքայազն Հարրիի՝ միապետի նստավայրում գտնվելը համարվել է ոչ այնքան տեղին։ Հուլիսի 7-ին Անգլիայի և Ուելսի Բարձր դատարանը պետք է հրապարակի որոշումը արքայազն Հարրիի և ևս վեց անձանց, այդ թվում՝ երգիչ Էլթոն Ջոնի և դերասանուհիներ Լիզ Հըրլիի ու Սեյդի Ֆրոստի հայցով՝ ընդդեմ Associated Newspapers հրատարակչական տան, որին, մասնավորապես, պատկանում է The Daily Mail տաբլոիդը։ Նրանք կարծում են, որ դարձել են «բազմաթիվ անօրինական գործողությունների» զոհ, որոնք իբր իրականացվել են հրատարակչության կամ նրա թերթերի կողմից, այդ թվում՝ նրանց հեռախոսազրույցների գաղտնալսումը և մասնավոր դետեկտիվների օգնությամբ տեղեկատվության ապօրինի հավաքագրումը։
Պարբերականի տվյալներով՝ Բուքինգեմյան պալատում կարծել են, որ որոշման հրապարակումն այն պահին, երբ արքայազն Հարրին կապրի պաշտոնական նստավայրում, կարող է միապետին «անհարմար դրության մեջ դնել»։
Սասեքսի դուքսի ներկայացուցիչը նման որոշումը հիասթափեցնող է անվանել։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ արքայազն Հարրին ծրագրում է մի քանի օրով ժամանել Մեծ Բրիտանիա՝ մի շարք բարեգործական նախագծերի մասնակցելու համար։ Չորս տարվա ընթացքում առաջին անգամ նրան պետք է ուղեկցեր ընտանիքը՝ Մեգան Մարքլը և երեխաները՝ Արչին ու Լիլիբեթ Դիանան։ Սակայն հունիսի 26-ին՝ նախատեսված այցից մի քանի օր առաջ, թագավորի որդուն տեղեկացվել էր, որ ինքը և իր ընտանիքը չեն կարող հավակնել ոստիկանական պաշտպանությանը և պետք է ինքնուրույն կազմակերպեն մասնավոր պահակախումբ։
Անցյալ տարվա մայիսին արքայազն Հարրին պարտվել էր բողոքարկումը՝ կապված թագավորական ընտանիքի անդամի պարտականություններից հրաժարվելուց հետո իրեն ոստիկանական պաշտպանությունից զրկելու գործի հետ։
Միապետի կրտսեր որդին և նրա կինը դադարեցին պահպանել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակը 2020 թվականի մարտի 31-ին։ Այդ օրվանից զույգը կորցրել է թագավորին պաշտոնապես ներկայացնելու հնարավորությունը ուղևորությունների ընթացքում, այլ արարողակարգային պարտականություններ կատարելու և «Նրանց Բարձրություններ» տիտղոսը օգտագործելու իրավունքը։ Նրանք տեղափոխվել են ԱՄՆ և տուն են գնել Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիայի նահանգ)։
Source: https://news.am/hy/news/1048132