Skoda ընկերությունը դիտարկում է եվրոպական մոդելային շարքն ավելի մատչելի բենզինային և էլեկտրական մոդելներով ընդլայնելու հնարավորությունը, գրում է Autocar-ը։
Արտադրողը ուսումնասիրում է ավտոմեքենաների արժեքը նվազեցնելու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ Kylaq կոմպակտ քրոսովերի հարմարեցումը, որը ներկայումս Հնդկաստանում վաճառվում է մոտավորապես 6 հազար ֆունտ ստեռլինգին համարժեք գնով։
Վերջին տարիներին Եվրոպայում ամենամատչելի քաղաքային ավտոմեքենաների հատվածը գրեթե վերացել է։ Շուկայից հեռացել են Ford Ka, Peugeot 108 և Skoda Citigo մոդելները, իսկ դրանց հաջորդները այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում գնորդները ստիպված են ընտրել ավելի մեծ և թանկ ավտոմեքենաներ, օրինակ՝ Skoda Fabia-ն։
Skoda-ի գլխավոր տնօրեն Կլաուս Ցելմերը պատմել է, որ ընկերությունը աշխատում է նախագծի վրա, որը ենթադրում է տարբեր ծախսաարդյունավետ աղբյուրներից բաղադրիչների օգտագործում՝ ավելի մատչելի մոդելներ ստեղծելու համար։
Ըստ նրա, վաղ փուլում Skoda-ն մասնակցել է Volkswagen ID Every1 կոնցեպտի մշակմանը, որը պետք է դառնա Volkswagen Up մոդելի հաջորդը և մյուս տարի դուրս գա շուկա։ Սակայն ավելի ուշ ընկերությունը որոշել է կենտրոնանալ սեփական նախագծերի վրա։
Ցելմերը բացատրել է, որ էլեկտրամոբիլների շուկայի՝ սպասվածից ավելի դանդաղ աճի պատճառով Skoda-ի համար ավելի շահավետ է շարունակել Fabia, Scala և Kamiq բենզինային մոդելների վաճառքը, որոնք ապահովում են կայուն շահույթ և մեծ պահանջարկ ունեն։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Volkswagen Group կոնցեռնում հենց Volkswagen բրենդն է ներկայում պատասխանատու կոմպակտ քաղաքային էլեկտրամոբիլների հատվածի զարգացման համար, որտեղ շահութաբերությունը շարունակում է ցածր մնալ։ Այդ պատճառով մոտակա տարիներին լիովին նոր բյուջետային էլեկտրական Skoda-ի հայտնվելուն սպասել պետք չէ։
Այդուհանդերձ, ընկերությունը չի բացառում մոդելի հայտնվելը, որը կլինի ավելի էժան, քան Fabia-ն, որի գինը Եվրոպայում սկսվում է մոտավորապես 21 հազար ֆունտ ստեռլինգից։
Ամենահետաքրքիր տարբերակներից մեկը համարվում է Kylaq կոմպակտ քրոսովերը։ Այն ավելի կարճ է, քան Fabia-ն, և կառուցված է հարմարեցված MQB A0 հարթակի վրա, որի մշակումը փոքր ավտոմեքենաների համար դեռ 2021 թվականին հանձնվել էր Skoda-ին։ Հնդկաստանում այս մոդելը վաճառվում է Kushaq քրոսովերի և Slavia սեդանի հետ միասին։
«Եթե նայենք դիզայնին, տեխնոլոգիաներին, հարդարման որակին, ապա կարող ենք ուսումնասիրել ավտոմեքենան եվրոպական չափանիշներին հասցնելու հնարավորությունը։ Եթե համեմատենք Fabia-ի արժեքը, որը շատ դժվար է դարձնել 20 հազար եվրոյից էժան, և Kylaq-ի գինը Հնդկաստանում, ակնհայտ է դառնում, թե որքան մեծ է տարբերությունը։ Այստեղ կա տնտեսական տրամաբանություն, որն արժե ուսումնասիրել», — հայտարարել է Կլաուս Ցելմերը։
Եթե նախագիծը ստանա հավանություն, Skoda-ն կկարողանա Եվրոպա վերադարձնել իսկապես մատչելի մոդել, որի նկատմամբ պահանջարկը պահպանվում է շուկայից բյուջետային քաղաքային ավտոմեքենաների մեծ մասի անհետացումից հետո։
Source: https://news.am/hy/news/1047777