Սի Ծինփինը Չինաստանի կոմունիստական կուսակցության 105-ամյա պատմությունն անվանել է չինական ազգի «ամենավեհ էպոպեան» և կոչ է արել արագացնել ժամանակակից սոցիալիստական պետության կառուցումը։

Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) հիմնադրման 105-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում չորեքշաբթի օրն ունեցած ելույթում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ով նաև զբաղեցնում է ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի և Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնները, հայտարարել է, որ կուսակցությունը պետք է հավատարիմ մնա իր գաղափարներին ու առաքելությանը՝ շարունակելով առաջնորդել երկիրը դեպի սոցիալիստական արդիականացման նպատակների իրագործում։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Կոմունիստական կուսակցության 105-ամյա ուղին դարձել է «չինական ազգի ամենավեհ էպոպեան», իսկ դրա պատմությունը վկայում է արտաքին ճնշումներն ու ներքին դժվարությունները հաղթահարելու և թռիչքաձև զարգացման հասնելու Չինաստանի կարողության մասին։

Սի Ծինփինը հիշեցրել է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հիմնադրվել է 1921 թվականին՝ մի ժամանակաշրջանում, երբ երկիրը ծանր օրեր էր ապրում։ Այդ տարիներին Չինաստանը թուլացած էր օտարերկրյա միջամտության, քաղաքական անկայունության և համատարած աղքատության պատճառով։ Անցած հարյուրամյակի ընթացքում կուսակցությունը, որն իր գործունեությունն սկսել էր ընդամենը 50-ից ավելի անդամ ունեցող փոքր խմբով, վերածվել է աշխարհի խոշորագույն կառավարող քաղաքական կազմակերպության, որն զգալի ազդեցություն ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

ՉԺՀ նախագահն ընդգծել է, որ կուսակցության կարևորագույն խնդիրներից է մնում մինչև XXI դարի կեսերը Չինաստանի լիակատար սոցիալիստական արդիականացման նպատակին հասնելը։ Նա նշել է, որ այս խնդրի իրագործումը պահանջում է հետևողականություն, քաղաքական կայունություն և ռազմավարական կուրսի պահպանում։

«Ժամանակը ոչ մեկին չի սպասում, ինչպես և պատմությունը»,- հայտարարել է Սի Ծինփինը՝ շեշտելով, որ կուսակցությունը չպետք է բաց թողնի երկրի հետագա զարգացման հնարավորությունները։

Նա կոչ է արել ՉԿԿ բոլոր անդամներին խստորեն հավատարիմ մնալ կուսակցական գաղափարախոսության հիմնարար սկզբունքներին, գլխավոր գծին և բազային քաղաքականությանը։ Սի Ծինփինի խոսքով՝ կուսակցությունը պետք է պահպանի վստահությունը և չշեղվի ընտրված ուղուց անգամ արտաքին ճնշումների և ներքին դժվարությունների պայմաններում։

Օգտագործելով պատկերավոր արտահայտություն՝ չինացի առաջնորդը նշել է, որ անհրաժեշտ է «չվախենալ անցնող ամպերից և վստահորեն առաջ շարժվել՝ ի հեճուկս քամու ու ալիքների»։

Իր ելույթում Սի Ծինփինն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել պետության զարգացման գործում ժողովրդի դերին։ Նա ընդգծել է, որ Չինաստանի բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել հասարակության հետ կուսակցության սերտ կապի շնորհիվ, ուստի ՉԿԿ-ն այսուհետ ևս պետք է հենվի քաղաքացիների աջակցության վրա։

Այս համատեքստում ՉԺՀ նախագահը կուսակցական կազմակերպություններին և պաշտոնյաներին կոչ է արել ցուցաբերել ավելի մեծ նախաձեռնողականություն, պատասխանատվություն և ձգտում՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։

«Անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել ձեռներեցության ոգին և գործելու պատրաստակամությունը»,- ասել է նա։

Ելույթի զգալի մասը նվիրված է եղել ազգային անվտանգության հարցերին և միջազգային իրավիճակին։ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի զարգացումն ընթանում է մի պայմաններում, երբ ռազմավարական հնարավորություններին զուգահեռ գոյություն ունեն բազմաթիվ ռիսկեր ու մարտահրավերներ։

Նրա խոսքով՝ աշխարհում էլ ավելի է մեծանում անորոշությունը, իսկ անկանխատեսելի գործոնների թիվը շարունակում է աճել։

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք լուրջ փորձություններին, ուժգին քամիներին, կատաղի ալիքներին և նույնիսկ կործանարար փոթորիկներին դիմակայելու համար»,- զգուշացրել է չինացի առաջնորդը։

Նա նաև նշել է, որ աշխարհն ապրում է խորը փոփոխությունների մի ժամանակաշրջան, որն աննախադեպ է անցած հարյուրամյակի ընթացքում։ Նրա կարծիքով՝ միջազգային համակարգը թևակոխել է տուրբուլենտության ու վերափոխումների նոր դարաշրջան, և մարդկությունը կրկին կանգնել է զարգացման հետագա ուղու ընտրության անհրաժեշտության առջև։

Այս պայմաններում, ինչպես ընդգծել է Սի Ծինփինը, Չինաստանը մտադիր է շարունակել առաջ տանել «մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի» հայեցակարգը, որը Պեկինը դիտարկում է որպես միջազգային համագործակցության զարգացման և գլոբալ կայունության ամրապնդման հիմք։

ՉԺՀ նախագահն առանձնակի կանգ է առել կուսակցաշինության հարցերի վրա։ Նա կոչ է արել շարունակել ներկուսակցական խիստ վերահսկողության քաղաքականությունը և չթուլացնել կոռուպցիայի դեմ պայքարը։

Սի Ծինփինի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը մնում է երկարաժամկետ խնդիր, որը պահանջում է հետևողական ու վճռական գործողություններ։

«Կուսակցության բոլոր անդամները երբեք չպետք է մոռանան իրենց սկզբնական նպատակադրման և պատմական առաքելության մասին, միշտ պետք է պահպանեն համեստություն, խոհեմություն ու աշխատասիրություն, ինչպես նաև օժտված լինեն պայքարը շարունակելու քաջությամբ ու կարողությամբ»,- հայտարարել է նա։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայումս Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամների թիվը կազմում է շուրջ 101,29 միլիոն, իսկ սկզբնական կուսակցական կազմակերպությունների քանակը գերազանցում է 5,43 միլիոնը, ինչը ՉԿԿ-ն դարձնում է աշխարհի խոշորագույն կառավարող կուսակցությունը։

Հանդիսավոր միջոցառման ավարտին Սի Ծինփինը կուսակցության և պետության առջև մատուցած ակնառու ծառայությունների համար ՉԿԿ անդամներին հանձնել է «Հուլիսի 1»-ի մեդալը, որը Չինաստանի կոմունիստական կուսակցության բարձրագույն պարգևն է։

Source: https://news.am/hy/news/1047148