Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու Բելառուսը «երկաթե ընկերներ» են, որոնց հարաբերությունները դիմակայել են միջազգային բոլոր փոթորիկներին ու շարունակում են ամրապնդվել։
«Չինաստանն ու Բելառուսը երկաթե ընկերներ են։ Մեր հարաբերությունները դիմակայել են միջազգային ցանկացած անկայունության, և մեր գործընկերությունն օրեցօր միայն ամրապնդվում է։ Մեր համագործակցությունը բազմակողմանի է, համահունչ ժամանակի ոգուն և մշտապես նոր արդյունքներ է արձանագրում»,- ասել է Չինաստանի ղեկավարը աշխատանքային այցով Պեկինում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
Սի Ծինփինն ընդգծել է, որ բելառուսա-չինական հարաբերությունները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են, իսկ միջազգային հարթակներում կողմերը մշտապես սերտ շփման մեջ են։ Նա փաստել է, որ Մինսկն ու Պեկինը «ամենաեղանակային» և համապարփակ ռազմավարական գործընկերություն են զարգացնում։
«Իմ թանկագի՛ն բարեկամ, անչափ ուրախ եմ Ձեզ նորից հյուրընկալել Պեկինում։ Մեր հանդիպումներն ու շփումները պարբերական բնույթ են կրում, ինչը թույլ է տալիս օպերատիվորեն անդրադառնալ ամենատարբեր հարցերին և ծավալուն երկխոսություն ունենալ»,- դիմելով Լուկաշենկոյին՝ ասել է Սի Ծինփինը։
Source: https://news.am/hy/news/1046583