Ֆրանսիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ շոգի պատճառով կիրակի՝ հուլիսի 5-ին, Ֆրանսիայի հարավի յոթ դեպարտամենտներում սահմանվել է նարնջագույն վտանգի ռեժիմ, հայտնել է Le Figaro-ն։
Ակնկալվում է, որ օդի ջերմաստիճանը կկազմի 35-37°C, իսկ առանձին վայրերում կարող է հասնել 40°C-ի։
Զգուշացման գոտում ներառվել են Արդեշ, Օդ, Դրոմ, Գար, Էրո, Արևելյան Պիրենեյներ և Վոկլյուզ դեպարտամենտները։ Ընդ որում, Էրոն և Արևելյան Պիրենեյներն արդեն շաբաթ օրվանից գտնվում են նարնջագույն վտանգի ռեժիմում։
Կանխատեսումների համաձայն՝ հանգստյան օրերին շոգ կլինի Ֆրանսիայի տարածքի մեծ մասում, որտեղ ջերմաստիճանը կգերազանցի 30°C-ը՝ բացառությամբ Լա Մանշի ափամերձ շրջանների։ Հարավ-արևելքում գիշերային ջերմաստիճանները նույնպես կմնան բարձր՝ սովորաբար 21-24°C, տեղ-տեղ՝ մինչև 25°C։
Օդերևութաբանական ծառայությունը նշել է, որ հունիսյան բացառիկ շոգի ալիքից հետո ջերմաստիճանը կրկին բարձրանում է։ Միջերկրածովյան շրջաններում ուժեղ քամիները կարող են լրացուցիչ բարձրացնել անտառային հրդեհների վտանգը, որը որոշ դեպարտամենտներում գնահատվում է շատ բարձր։
Առանձին տեղեկացվել է, որ վեց հարավային դեպարտամենտներ հայտարարվել են հրդեհների առավելագույն ռիսկի գոտի՝ հատուկ «հրդեհային կանխատեսման» շրջանակում, որը նախատեսված է կանխարգելման և նախազգուշացման համար։
La Chaîne Météo-ի տվյալներով՝ Ֆրանսիայի շրջանների մեծ մասում սպասվում է արևոտ եղանակ՝ բացառությամբ Լա Մանշի և Բելգիայի ու Լյուքսեմբուրգի հետ սահմանի մոտ գտնվող տարածքների։ Օրվա երկրորդ կեսին Ալպերում և Պիրենեյներում հնարավոր են թույլ ամպրոպներ։
Santé publique France գործակալությունը հայտնել է հունիսի 22-ից սկսված շաբաթվա ընթացքում մահացության 29,1 տոկոս աճի մասին․ դա շուրջ 2 025 լրացուցիչ դեպք է նախորդ շաբաթվա համեմատ՝ երկրում տարածված ուժեղ շոգի ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1047884