Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շաբաթ օրը հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում հրաժարական կտա, երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, հայտնել է Reuters-ը։
«Ես ընդամենը մի քանի շաբաթ նախագահ կլինեմ, իսկ հետո հրաժարական կտամ», - երկրի մայրաքաղաք Բելգրադում իշխանամետ հանրահավաքում իր կողմնակիցներին ասել է Վուչիչը։
Վուչիչի երկրորդ և վերջին ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի կեսերին։
Վուչիչը հայտարարել է, որ կօգնի իր Սերբական առաջադիմական կուսակցությանը հաղթել նախագահական ընտրություններում և արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք նույնպես ի սկզբանե նշանակված էին 2027 թվականին։ Նա չի հստակեցրել, թե երբ հրաժարականկտա և երբ կցրի խորհրդարանը, ինչն նախապայման է խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար։
13 տարի իշխանության ղեկին գտնվող Վուչիչի հայտարարությունը հնչել է մեկուկես տարի շարունակվող, երբեմն՝ հակակոռուպցիոն բնույթի, բողոքի ցույցերից հետո, որոնք կազմակերպվել էին ուսանողների կողմից և հրահրվել 2024 թվականի նոյեմբերին հյուսիսային Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի ծածկի փլուզման պատճառով, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։
Source: https://news.am/hy/news/1046381