Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմն այցելել է ուկրաինական պաշտպանական SkyFall ընկերության ձեռնարկություն, որտեղ ծանոթացել է անօդաչու համակարգերի մշակմանն ու արտադրությանը, հայտնել է «РБК-Украина»-ն։

Այցի ընթացքում քաղաքական գործիչն ուսումնասիրել է Vampire ծանր ռմբակոծիչ դրոնների, որոնք ռուսական զորքերում հայտնի են որպես «Բաբա Յագա», տարբեր մոդիֆիկացիաների Shrike FPV-դրոնների, ինչպես նաև -SUN որսացող անօդաչուների ստեղծման գործընթացը, որոնք նախատեսված են «Շահեդ» տիպի հարվածային դրոնների դեմ պայքարի համար։

Ընկերության ներկայացուցիչները սենատորին նաև ներկայացրել են նոր տեխնոլոգիական մշակումներ, որոնք, նրանց խոսքով, մոտ ապագայում կարող են կիրառվել մարտի դաշտում։

Այցի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել նաև SkyFall ակադեմիային, որտեղ պատրաստվում են անօդաչու համակարգերի օպերատորներ, տեխնիկներ և հրահանգիչներ։

Գրեհեմը բարձր է գնահատել անօդաչուների ուկրաինական մշակումների մակարդակը և հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է զարգացնի համագործակցությունն Ուկրաինայի հետ այս ոլորտում։

«Ամերիկայի համար հսկայական սխալ կլինի չհամագործակցել Ուկրաինայի հետ անօդաչուների ոլորտում։ Նրանք պատրաստ են օգնել մեզ, որովհետև մենք աջակցել ենք Ուկրաինային ամենածանր ժամանակներում»,- ասել է սենատորը։

Նրա խոսքով՝ ուկրաինական ձեռնարկությունն ունի առաջատար տեխնոլոգիաներ և ցուցադրում է նորարարության բարձր մակարդակ պաշտպանական ոլորտում։

«Անհրաժեշտությունը բոլոր գյուտերի մայրն է»,- նշել է Գրեհեմը՝ մեկնաբանելով պատերազմի պայմաններում ուկրաինական անօդաչու ոլորտի զարգացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ուկրաինա-ամերիկյան գործընկերության հեռանկարները պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում և փորձի փոխանակումն անօդաչու համակարգերի բնագավառում։

Source: https://news.am/hy/news/1049286