Մինչ Իրանի դեմ պատերազմն ամբողջությամբ վերաձևում է գլոբալ էներգետիկ հոսքերը և խարխլում տնտեսությունն ամբողջ աշխարհում, Սաուդյան Արաբիան միլիարդավոր շահույթներ է քաղում նավթային եկամուտների աճից և ամրապնդում է իր դիրքերը որպես առանցքային առևտրային հանգույց, գրում է Bloomberg-ը։
Չնայած այն հանգամանքին, որ պատերազմը դանդաղեցրել է ընդհանուր տնտեսական աճը և պաշտպանության և լոգիստիկայի ծախսերի կտրուկ ցատկ առաջացրել, նավթի թռիչքաձև աճած գները՝ արտակարգ իրավիճակների համար նախապես պատրաստված ծրագրերի հետ համատեղ, թագավորությանը հնրավորություն են ընձեռել էապես ավելացնել եկամուտները: Միևնույն ժամանակ, Կարմիր ծովի սաուդյան ափը վերածվել է կենսական նշանակություն ունեցող միջանցքի՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, որը պատերազմի հենց սկզբից գրեթե ամբողջությամբ փակվել է կոմերցիոն նավարկության համար։
«Սաուդյան Արաբիան ապացուցեց, որ Կարմիր ծովի տարածաշրջանում անվտանգության անփոխարինելի հենակետ է»,- նշում է Էր Ռիյադից վերլուծաբան, Մալքոլմ Քերի անվան Քարնեգիի մերձավորարևելյան կենտրոնը ներկայացնող Հիշամ Ալղաննամը։
Դրա շնորհիվ մերձավորարևելյան թագավորությունը դառնում է գլխավոր տարանցիկ երթուղի մատակարարման շղթաների համար ամբողջ Արաբական թերակղզով մեկ, ինչը կարող է հզոր ազդակ հաղորդել թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի՝ 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլար գնահատվող տնտեսությանը։ Այնուամենայնիվ, Էր Ռիյադը բախվում է աճող մրցակցության. այլընտրանքային առևտրային ուղիներն ակտիվորեն զարգանում են Արաբական Միացյալ Էմիրությունների արևելյան ափին, ինչպես նաև Օմանում:
Բացի դրանից, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը հսկայական ջանքեր են գործադրում սեփական էներգետիկ հոսքերը մեծացնելու ուղղությամբ։
Մերձավոր Արևելքում պատերազմի հենց առաջին լիարժեք ամսում Սաուդյան Արաբիայի՝ նավթի արտահանումից ստացվող եկամուտները կտրուկ աճեցին՝ հասնելով ավելի քան երեք տարվա առավելագույն ցուցանիշին՝ 24,7 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Դա հնարավոր դարձավ մեծամասամբ դեռևս մի քանի տասնամյակ առաջ մշակված՝ արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի շնորհիվ. «Արևելք-Արևմուտք» նավթամուղի օգտագործումը երկրին հնարավորություն տվեց արտահանումն իրականացնել՝ շրջանցելով արգելափակված Հորմուզի նեղուցը։
Դրան զուգահեռ, սաուդյան ավտոմայրուղիների ճյուղավորված ցանցը հազարավոր բեռնատարների թույլ տվեց Կարմիր ծովի նավահանգիստներով անխափան կերպով պարարտանյութեր և սպառողական ապրանքներ փոխադրել Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում։
Ընդսմին, Սաուդյան Արաբիայի ոչ նավթային հատվածներում տնտեսական աճը դանդաղել է։ Ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամը 0,9 տոկոսային կետով՝ մինչև 3,1%, նվազեցրել է թագավորության տնտեսական աճի՝ 2026 թվականի համար արված կանխատեսումը։ Ի դեպ, այդ նվազումը դարձավ երկրորդ ամենացածր ցուցանիշը Պարսից ծոցի երկրների շարքում՝ կայունությամբ զիջելով միայն Օմանին։
Կիրակի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ ԱՄՆ-ն ու Իրանն ընդհուպ մոտեցել են համաձայնագրի կնքմանը, որը հնարավորություն կտա վերաբացել Հորմուզի նեղուցը, թեև նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ընդգծել է, որ չի «շտապելու» ստորագրել այդ գործարքը։ Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչները չեն արձագանքել մեկնաբանություններ ստանալու հարցմանը։
«Սաուդյան Արաբիայի համար ռազմական գործողությունների յուրաքանչյուր ամիսը հանգեցնում է ՀՆԱ-ի մոտ 1,5%-ի չափով լրացուցիչ ծախսերի,- մայիսին գրել է զարգացող շուկաների գծով Bloomberg Economics-ի գլխավոր տնտեսագետ Զիադ Դաուդը։ - Նրա հարևանների մեծ մասի համար այս հաշիվը, հավանաբար, էլ ավելի մեծ է»։
ԱՄԷ-ն՝ տարածաշրջանի մեծությամբ երկրորդ տնտեսությունը, նույնպես լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում։ Էմիրությունները ստեղծում են այլընտրանքային արտահանման հանգույց իրենց արևելյան ափին և արագացնում են խողովակաշարի կառուցումը դեպի Օմանի ծոցի Էլ-Ֆուջեյրա նավահանգիստ՝ ակնկալելով կրկնապատկել հում նավթի արտահանման հզորությունները։ ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչն իր մեկնաբանության մեջ հղում է արել իշխանությունների հայտարարություններին, որոնք ընդգծում են խողովակաշարային համակարգի ընդլայնման կարևորությունը և այլ ոլորտների, դրանց թվում՝ մատակարարման շղթաների ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Հարևանությամբ գտնվող Օմանը էմիրաթական Շարժայի հետ համատեղ նոր առևտրային միջանցք է գործարկել։ Օմանի նավահանգիստները, որոնք շահավետորեն օգտագործում են Արաբական ծովով նավարկությունը, գնալով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում ամբողջ Պարսից ծոցի համար։
Մինչդեռ Սաուդյան Արաբիան հրատապ կերպով վերապրոֆիլավորում է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող իր Նեոմ (Neom) մեգանախագծի օբյեկտների մի մասը։ Ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրների՝ նոր ռազմավարությունը կարող է նախատեսել Նեոմի լոգիստիկ դերի ընդլայնում. նախատեսվում է նրա նավահանգիստն առաջ մղել որպես լոգիստիկ հանգույց, որի միջոցով եվրոպական ընկերությունները կկարողանան մուտք գործել ԱՄԷ-ի, Քուվեյթի և Իրաքի շուկաներ։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Սաուդյան Արաբիան առանց այդ էլ աստիճանաբար կրճատում էր անապատում ֆուտուրիստական մեգապոլիս կառուցելու իր սկզբնական հավակնոտ ծրագրերը։
Բացի դրանից, 1 տրիլիոն դոլար ակտիվներով Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը դիտարկում է իր տրանսպորտային և լոգիստիկ ակտիվները միավորելու հնարավորությունը՝ մատակարարման ոլորտում միասնական հսկա ստեղծելու համար, որն ունակ կլինի խոշոր օտարերկրյա ներդրումներ ներգրավել։
«Այս պատերազմը զգալիորեն արագացնում է Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի միջև առանցքային լոգիստիկ հաբ դառնալու Սաուդյան Արաբիայի ծրագրերը. մի տիտղոս, որը տասնամյակներ շարունակ անվիճելիորեն պատկանում էր դուբայական Ջեբել Ալի նավահանգստին»,- պնդում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) վերլուծաբան Ալբերտ Վիդալ Ռիբեն։ Ի դեպ, դուբայական Ջեբել Ալին աշխարհի խոշորագույն բեռնարկղային նավահանգիստների թվին է պատկանում։
Սաուդյան Արաբիայի գլխավոր ֆոնդային ինդեքսը փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից ի վեր աճել է մոտ 3%-ով, մինչդեռ Դուբայի և Աբու Դաբիի բորսայական ինդեքսները նվազել են համապատասխանաբար մոտ 10%-ով և 7%-ով։
Դա ամրապնդել է թագավորությունում բաժնետոմսերի տեղաբաշխում նախատեսող ընկերությունների վստահությունը։ Մի շարք ընկերություններ շարունակում են նախապատրաստվել բորսա դուրս գալուն, չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարին չափազանց պասիվ էր Պարսից ծոցում նախնական հրապարակային տեղաբաշխումների (IPO) համար։
Թեև Սաուդյան Արաբիան մեծամասամբ շահել է իր աշխարհագրական դիրքի հաշվին, նա նաև տասնամյակներ շարունակ պատրաստվում էր Հորմուզի նեղուցի հնարավոր փակմանը։ Վերոհիշյալ «Արևելք-Արևմուտք» նավթամուղը շահագործման էր հանձնվել դեռևս 1980-ականներին՝ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, երբ նեղուցում լցանավերը պարբերաբար ենթարկվում էին հարձակումների։
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ջանքերը կարող են բավարար չլինել վերջին տարիներին ի հայտ եկած տարածաշրջանային բոլոր սպառնալիքներն ամբողջությամբ չեզոքացնելու համար։ Կարմիր ծովի նավահանգիստների հասանելիությունը դեռևս կապված է ռիսկերի հետ. եմենցի հութի ապստամբները պարբերաբար հարձակումներ են իրականացնում, որոնք կաթվածահար են անում նավարկությունն այդ շրջանում։ Իրանի հետ ներկայիս պատերազմի ամբողջ ընթացքում հութիները խուսափել են սաուդյան օբյեկտներին հարվածելուց։
Սաուդյան նավահանգիստներ վերաուղղորդված բեռնահոսքի մի մասը կարող է այնտեղ մնալ նաև երկարաժամկետ հեռանկարում, քանի որ Իրանը ցանկացած դեպքում կպահպանի Հորմուզով տարանցմանը սպառնալու ունակությունը, եզրափակում է Kearney խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր Ռուդոլֆ Լոմեյերը։ «Հորմուզի նեղուցը շրջանցող երթուղիների դիվերսիֆիկացման այս գործընթացը եկել է լրջորեն և երկար ժամանակով»։
Source: https://news.am/hy/news/1038250
World
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն անսպասելի օգուտներ է ստանում Իրանի հետ պատերազմի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։