Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Իրանի նոր հարձակումները հարևան պետությունների և Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա՝ Թեհրանի գործողությունները որակելով որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության սպառնալիք, հաղորդում է Al Arabiya-ն։

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ թագավորությունը հայտնել է Իրանի «ապակայունացնող վարքագծի» շարունակության «ամենավճռական դատապարտման» մասին։

Էր-Ռիադը հարձակումներն անվանել է միջազգային իրավունքի հիմքերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Իսլամական համագործակցության կազմակերպության կանոնադրության և բարիդրացիության սկզբունքների խախտում։

Սաուդյան Արաբիան առանձնահատուկ ուշադրություն է դարձրել առևտրային նավերի վրա հարձակումներին՝ հայտարարելով, որ դրանք սպառնում են նավագնացության անվտանգությանը և Հորմուզի նեղուցում ծովագնացության ազատությանը։

Թագավորությունը նաև դատապարտել է տարածաշրջանի երկրների՝ Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Օմանի, Կատարի և Միացյալ Արաբական Էմիրությունների դեմ հասցված հարվածները և հայտարարել հարևան պետությունների ինքնիշխանության խախտման լիակատար անընդունելիության մասին։

Հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային և անօդաչուներով հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին և տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից երկրներին՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Իրանի տարածքին հասցված նոր հարվածների, այն բանից հետո, երբ իրանական ուժերը մեղադրվել էին Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման մեջ։

Source: https://news.am/hy/news/1049375