ՆԱՏՕ-ի երկրները Եվրոպայում կարտադրեն ամերիկյան ABRAMS տանկեր, ATACMS հրթիռներ, Stinger դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և սպառազինության այլ համակարգեր։ Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող Պաշտպանական արդյունաբերության ֆորումում։

«Ես ողջունում եմ այն փաստը, որ ամերիկյան առաջատար ռազմական ընկերությունները համաձայնել են նոր ռազմաարդյունաբերական նախաձեռնություն ստորագրել եվրոպական ռազմաարդյունաբերական ոլորտի առաջատար դերակատարների հետ։ Սա ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա Եվրոպայում արտադրել ամերիկյան առանցքային սպառազինություններ, ինչպիսիք են ABRAMS տանկերը, AMRAAM, ATACMS հրթիռները, Stinger համալիրները», - հայտարարել է նա։ - «Մենք սպառազինություն կարտադրենք Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում՝ առանց չափազանց մեծ լրացուցիչ ներդրումների՝ ստեղծելով գործարանների համակարգ, որը հասանելի կլինի ՆԱՏՕ-ի ռազմական արդյունաբերության և նորարարական ենթակառուցվածքի համար»։

Ռյուտտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «կրկին լցնի իր զինանոցները», որոնք դատարկվել են Ուկրաինային մատակարարումների հետևանքով, և «ավելի շատ զենք արտադրի, քան դաշինքի հակառակորդները»։

Դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է, որ այս ռազմաարդյունաբերական նախաձեռնությունը «կապահովի ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների կտրուկ աճ»։ Նա չի հստակեցրել, թե ինչ ժամկետներում է ՆԱՏՕ-ն մտադիր իրականացնել այս բոլոր ծրագրերը։

Source: https://news.am/hy/news/1048336