Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակում Միացյալ Նահանգները եվրոպական տարածքում տեղակայված ավիաբազաներից իրականացրել է մոտ 5 հազար մարտական թռիչք։ Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։

«Եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա երևում է, որ եվրոպական երկրներն անում են այն, ինչ խոստացել էին։ Անցյալ շաբաթ ես պնդում էի, որ Եվրոպան կրկին Միացյալ Նահանգների ուժի պրոյեկցիայի մեկ մեծ հարթակ է», — ասել է Ռյուտտեն։

Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ Վաշինգտոնում պահպանվում է որոշակի լարվածություն՝ կապված եվրոպացի գործընկերների կողմից երկկողմ պարտավորությունների չկատարման առանձին դեպքերի հետ։

«Ես չեմ ասում, թե այդ հիասթափություն առաջացնող առանձին դեպքերը գոյություն չունեն, սակայն ընդհանուր առմամբ պատկերը շատ դրական է», — նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եվրոպական պետությունների վերազինման ծրագիրը տնտեսական փաստարկ է հօգուտ այն բանի, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովից առաջ հավատարիմ մնա դաշինքին։ Նրա խոսքով՝ շուրջ 300 մլրդ դոլարի սպառազինության պատվերներն ապահովում են զբաղվածություն ամերիկյան պաշտպանական ոլորտի ձեռնարկություններում աշխատող մոտ 195 հազար աշխատակցի համար։

Source: https://news.am/hy/news/1047007