Ryanair ավիաընկերությունը հայտարարել է, որ ԵՄ սահմանային հսկողության նոր կանոնների ներդրումը, որոնք նախատեսում են մատնահետքերի պարտադիր հավաքում, կարող է հանգեցնել լուրջ հերթերի և խափանումների օդանավակայանների աշխատանքում՝ ամառային զբոսաշրջային սեզոնի թեժ պահին, գրում է The Guardian-ը:

Ընկերությունը, որը Եվրոպայի խոշորագույն ավիափոխադրողն է, հայտարարել է, որ ուղևորներին չի կարելի օգտագործել որպես «փորձաճագարներ» մուտքի և ելքի նոր համակարգի (Entry/Exit System, EES) գործարկման ժամանակ, որն անվանել է «թերի մշակված»։

Ըստ նոր կանոնների՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս պետք է գրանցեն իրենց մատնահետքերը և դեմքի լուսանկարը։ Հետագայում սահմանի հատումները կհաստատվեն կենսաչափական եղանակով։

Ավիաընկերությունները և օդանավակայանների օպերատորները կոչ են արել Եվրահանձնաժողովին կասեցնել համակարգի գործողությունը առնվազն հուլիս և օգոստոս ամիսներին, իսկ հնարավոր է նաև ավելի երկար ժամկետով՝ նախազգուշացնելով, որ շատ օդանավակայանների ենթակառուցվածքներ պատրաստ չեն ծանրագույն ծանրաբեռնվածությանը։

Ryanair-ը պնդում է, որ արդեն իսկ մի շարք օդանավակայաններում արձանագրվում են լուրջ ուշացումներ և գերծանրաբեռնվածություն։ Խնդրահարույց օդանավակայանների թվում ընկերությունը ներառել է՝ Տեներիֆե-Հյուսիսայինը, Պալմա դե Մայորկան, Ալիկանտեն և Մալագան՝ Իսպանիայում, Բերգամոն՝ Իտալիայում, Կրակովը՝ Լեհաստանում և Փարիզ-Բովեն՝ Ֆրանսիայում։

Ryanair-ի օպերացիոն տնօրեն Նիլ ՄըքՄահոնը հայտարարել է, որ համակարգը պատրաստ չէ ուղևորահոսքի ամառային պիկին և կարող է հանգեցնել երկար հերթերի, բաց թողնված չվերթերի և ճանապարհորդների համար սթրեսի։

Եվրահանձնաժողովում, իրենց հերթին, հայտարարում են, որ համակարգն ուղղված է սահմանների անվտանգության ուժեղացմանը և արդեն իսկ աշխատում է փորձնական ռեժիմով։ Նրանց տվյալներով՝ օդանավակայանների մեծ մասը լուրջ խնդիրներ չունի, իսկ գերծանրաբեռնվածության դեպքում ներդրումը կարող է ժամանակավորապես կասեցվել առանձին կետերում։

EES համակարգը ներդրվում է փուլ առ փուլ և Շենգենյան գոտու շրջանակում արդեն իսկ արձանագրել է ավելի քան 100 միլիոն սահմանահատում, թեև դրա լիարժեք գործարկումը դեռևս շարունակվում է։

Source: https://news.am/hy/news/1047464