Իշխանափոխությունից հետո առաջնահերթ անհրաժեշտ կլինի աուդիտ անցկացնել և պարզել, թե ի վերջո ինչ են խոստացել իշխանությունները։ Այս մասին Մեղրիում մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում հայտնել Սյունիքից Ադրբեջանի օկուպացրած տարածքի մակերեսը, և արդյո՞ք ընդհանրապես իմաստ ունի վերջին 100 տարվա մեջ արդեն երրորդ անգամ դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնել։
«Թվում էր, թե 2018-ին իշխանության եկավ ամենաթափանցիկ ուժը, բայց պարզվեց, որ սա ամենափակ իշխանությունն է՝ ասում են մի բան, անում՝ մեկ ուրիշ բան։ Պետք է հասկանալ, թե ինչ պայմանավորվածություններ կան՝ գրավոր, թե բանավոր, հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք», - նշել է Քոչարյանը։
Սահմանազատման հարցի վերաբերյալ նա ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան յուրաքանչյուր քառակուսի մետրի համար։ «Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստ է զիջումների գնալ բոլոր՝ վիճելի թե անվիճելի հարցերում, էական չէ։ Եթե հիշում եք, առաջին փուլում ինչ-որ անհասկանալի գործընթացներ էին գնում GPS-ով. գործընթացը կանոնակարգված չէր, իրավական փաստաթղթեր չէին կիրառվում, օրինական ոչինչ չկար։ Անհրաժեշտ է գնահատել իրավիճակը և պաշտպանել սեփական շահերը», - շեշտել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը չպետք է հակամարտություն պարունակի. Վրաստանի հետ, օրինակ, այդ գործընթացը տևել է մի քանի տարի։ «Իրենք (Հայաստանի իշխանությունները) ասում են, թե հենց սկսես պայքարել հողիդ համար, պատերազմ ես հրահրում։ Իսկ ուրիշ ինչպե՞ս պահել հողը, եթե ոչ ամուր դիրքերից, քարտեզներով ու փաստաթղթերով բանակցելով։ Ադրբեջանի շարժառիթը ես կարող եմ բացատրել. եթե հակառակորդդ պատրաստ է նահանջել, ինչո՞ւ առաջ չգնալ։ Եթե ես լինեի բանակցողը և տեսնեի, որ դիմացի կողմն ամեն ինչի համաձայնում է, կկրկնապատկեի պահանջները. եթե ընդունում է, բնականաբար, էլի ես ավելացնելու պահանջներդ։ Փաշինյանը պատրաստ է հող հանձնել։ Դա իր հողը չէ։ Հողի հանդեպ նրա վերաբերմունքն արտահայտվեց այն հայտարարության մեջ, թե մեզ պետք չէ մի գագաթ, որի վրա 9 ամիս ձյուն է նստած (նկատի ունի Սև լճի ռազմավարական բարձունքը)», - հիշեցրել է Քոչարյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ Ռուսաստանի նախագահը պետք է հանձներ երկրի ողջ հյուսիսը։
«Փաշինյանն ակամայից ասել է այդ մասին և այդ հայտարարությունը մեզ ցույց տվեց հողի հանդեպ նրա վերաբերմունքը։ Որպես պետության ղեկավար՝ նա չունի հողի տիրոջ զգացում, խոսքն անձնականի մասին չէ. նա չունի երկրի ինքնիշխանության զգացումը։ Եթե ունենար, երբեք նման բան չէր ասի։ Ասաց այն, ինչ կար իր ենթագիտակցության մեջ», - պարզաբանել է Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1038730
Armenia
Իշխանափոխությունից հետո անհրաժեշտ կլինի Փաշինյանի բանավոր և գրավոր պայմանավորվածությունների աուդիտ անցկացնել․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։