Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որով ճամփորդում էր երկրի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, Ռուսաստանի սահմանի մոտ թռչելիս ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների ազդեցությանը։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը՝ հղում անելով իր տեղեկացված աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ Հիլին վերադառնում էր Էստոնիայից, որտեղ հանդիպել էր իր գործընկեր Հաննո Պևկուրի հետ և ստուգել բրիտանական զորքերի վիճակը։ Նախարարը նաև ճեպազրույց էր անցկացրել բարձրաստիճան սպաների հետ՝ Էստոնիայի հարավ-արևելքում գտնվող Վիրու քաղաքից ոչ հեռու տեղակայված գաղտնի վայրում։ The Times-ը նշում է, որ այս տարածաշրջանը մշտապես տուժում է ռուսական կողմի ռադիոէլեկտրոնային ճնշումներից։
GPS ազդանշանն օդանավում անհետացել է հենց ճանապարհի սկզբում։ Առանց ինքնաթիռի համակարգերի ամբողջական անջատման ու վերագործարկման՝ այն վերականգնելն անհնար էր, իսկ օդում դա անելը տեխնիկապես բացառված է։ Նոթբուքերն ու սմարթֆոնները նույնպես չէին կարողանում միանալ համացանցին, ուստի օդաչուները ստիպված են եղել կիրառել պահուստային նավիգացիոն համակարգեր՝ իրենց գտնվելու վայրը որոշելու համար։ Բացի այդ, խլացուցիչ խոտանները հանգեցրել են օդաչուների խցիկի կառավարման վահանակի որոշ սարքերի խափանումների։ The Times-ի աղբյուրը Թագավորական ռազմաօդային ուժերում GPS ազդանշանի այսպիսի անհետացումը բացառիկ երևույթ է անվանել։ Իսկ երկրի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեկ այլ զրուցակից Ռուսաստանի քայլերը որակել է որպես «անպատասխանատու» միջամտություն, սակայն ընդգծել է, որ ռազմական ինքնաթիռները «հրաշալիորեն պատրաստված են» նմանատիպ միջադեպերին դիմակայելու համար։
Պարբերականի աղբյուրները չեն կարողացել հստակեցնել՝ արդյո՞ք նախարարի ինքնաթիռը եղել է ռադիոէլեկտրոնային հարձակման թիրախը, թե՞ օդանավը պատահաբար է հայտնվել խլացուցիչ համակարգերի ազդեցության գոտում։ Ամեն դեպքում, նրա երթուղին տեսանելի է եղել թռիչքներին հետևող կայքերում։
2024 թվականին Ռուսաստանը նմանատիպ ձևով խլացրել էր նաև Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Գրանտ Շեփսի ինքնաթիռի GPS ազդանշանը։ Դա տեղի էր ունեցել Բալթիկ ծովի վրայով՝ Կալինինգրադից ոչ հեռու թռչելիս։ Արբանյակային կապը բացակայել էր շուրջ 30 րոպե, և օդաչուներն այդ ժամանակ նույնպես ստիպված էին եղել անցնել նավիգացիոն այլընտրանքային համակարգերի։
Մինչ այս, Բալթյան երկրներն ու Լեհաստանը բազմիցս են հայտնել GPS համակարգի խափանումների մասին, որոնք առաջանում են անօդաչու թռչող սարքերի ճնշմանն ուղղված ռուսական ՌԷՊ համակարգերի պատճառով։ Ընդ որում, տարածաշրջանի որոշ քաղաքական գործիչներ Ռուսաստանի այս քայլերը դիտարկում են որպես հիբրիդային պատերազմի տարր։
Source: https://news.am/hy/news/1038016
World
Ռուսաստանը խլացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռի GPS ազդանշանը․ The Times
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։