Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատունը հերթական անգամ ենթարկվել է հարձակման՝ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, որից հետո Մոսկվան բողոքի նոտա է հղել Շվեդիայի ԱԳՆ-ին և պահանջել տեղեկություններ տրամադրել միջադեպի հետաքննության արդյունքների մասին։ Բողոքի նոտայի հանձնման մասին հայտարարել է Շվեդիայում ՌԴ դեսպան Սերգեյ Բելյաևը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։
Դիվանագետընշել է,որ նոտայում ռուսական կողմը հերթական անգամ հույս է հայտնել, «եթե չասենք՝ պահանջել է», որ շվեդական իշխանությունները ժամանակին տեղեկացնեն Մոսկվային հետաքննության արդյունքների մասին։
Բելյաևը նշել է, որ 2024 թվականի մայիսից ի վեր Ստոկհոլմում ռուսական դիվանագիտական առաքելությունը ենթարկվել է արդեն ավելի քան 25 հարձակման՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Նրա տվյալներով՝ վերջին միջադեպի ժամանակ առաջին անգամ հաջողվել է տեսնել ԱԹՍ-ն։ Նա պնդում է, որ սարքը եղել է տնայնագործական արտադրության՝ հավաքված 3D տպիչի օգնությամբ պատրաստված դետալներից, և, հավանաբար, ունեցել է թռիչքի փոքր հեռահարություն, ինչը կարող է վկայել այն մասին, որ այն արձակվել է անմիջապես Ստոկհոլմից։
Դեսպանը հայտարարել է նաև, որ նմանատիպ հարձակումների երկու տարվա ընթացքում ռուսական կողմը դեպքերից և ոչ մեկի վերաբերյալ շվեդական իշխանություններից հետաքննության արդյունքներն այդպես էլ չի ստացել։
Ավելի վաղ ռուսական դիվանագիտական առաքելությունից հայտնել էին, որ անօդաչուներից մեկը կրել է պայթուցիկ սարքի մուլյաժ։ Դեսպանատանը կատարվածն անվանել են աշխատակիցներին վախեցնելու փորձ և հայտարարել, որ շարունակվող հարձակումների և դրանց հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրում է շվեդական կողմը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ միջադեպի կապակցությամբ Մոսկվայում Շվեդիայի դեսպանը կկանչվի ռուսական արտաքին քաղաքական գերատեսչություն։
Source: https://news.am/hy/news/1047485