Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններն ընդգրկած վառելիքային ճգնաժամը հարվածել է ավտոմոբիլային բեռնափոխադրումներին, «Կոմերսանտ»-ին հայտնել են շուկայի մասնակիցները։ «Առանձին շրջաններում, հատկապես Սիբիրում, Ռուսաստանի հարավում և մի շարք սահմանամերձ մարզերում, նկատվում են լիցքավորման սահմանափակումներ և վառելիքի մատակարարման խափանումներ, ինչը բարդացնում է չվերթների պլանավորումը»,- պատմել է «VIG Trans» ընկերության հիմնադիր Իգոր Ռեբելսկին։ «Օպտիմալոգ» լոգիստիկ ընկերության ղեկավար Գեորգի Վլաստոպուլոն նշել է, որ լիցքավորման կայաններում հերթ կանգնելու ժամանակը երբեմն հասնում է օրերի, ինչի հետևանքով, օրինակ, չինական ուղղությամբ բեռնատարների օրական վազքը 600–700 կիլոմետրից նվազել է մինչև 500 կիլոմետրի։

Դրան զուգահեռ՝ վառելիքային ընկերությունները սկսել են վերանայել ու չեղարկել փոխադրողների համար նախատեսված բոնուսային ծրագրերը։ Եթե նախկինում նրանք լիցքավորման կայաններում ստանում էին մինչև 16% զեղչեր, ապա այժմ այդ դիսկոնտը կրճատվել է մինչև 3,5%, ասում է «Բայտ Տրանզիտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Շպիկելը։ Միևնույն ժամանակ, «ՊԷԿ» ընկերության փոխտնօրեն Վադիմ Ֆիլատովի խոսքով, մանր փոխադրողներին, որպես ֆիզիկական անձանց, բաց են թողնում ոչ ավելի, քան 60 լիտր վառելիք։ Սրա պատճառով բեռնատարների լրացուցիչ լիցքավորման հաճախականությունն աճել է 1,5-ից 3 անգամ։ «Արդյունքում փոխադրողները բախվել են ծախսերի ավելացման, մեքենաների վազքի մեծացման և գազալցակայանների ու բենզալցակայանների հերթերում պարապուրդի ժամանակի աճի հետ»,- նշել է Ֆիլատովը։ Այս ամենի ֆոնին տրանսպորտային ընկերություններն արդեն սկսել են բարձրացնել փոխադրումների սակագները (10%-ի սահմաններում)։

Մասնավորապես, վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Չինաստանից ավտոմոբիլային բեռնափոխադրումների գները մեկ չվերթի հաշվով թանկացել են միջինում 700 դոլարով, ասում է Վլաստոպուլոն։ «AKFA» ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Չեռնիշևի տվյալներով՝ ընդամենը մեկ շաբաթում Մանջուրիայից Մոսկվա մեկ բեռնատարի տեղափոխման գինն աճել է 50–70 հազար ռուբլով։ «Սպասվում է նոր թանկացում՝ ևս 200 հազար ռուբլի»,- նշել է Չեռնիշևը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, սակագների էլ ավելի կտրուկ աճը դեռևս զսպվում է խոշոր փոխադրողների ու վառելիքային ընկերությունների միջև գործող պայմանագրերով, Ռուսաստանի ասիական հատվածում դիզվառելիքի համեմատաբար կայուն վիճակով, ինչպես նաև նրանով, որ պատվիրատուները հրաժարվում են նոր գներով բեռների առաքումը հաստատել։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ներսում բեռներ ուղարկելու համար տրանսպորտ գտնելը բավականին բարդացել է։ Շատ մեքենատերեր պարզապես հրաժարվում են պատվերներից, քանի որ լիցքավորման կայաններում վառելիքի առկայության հարցում մեծ անորոշություն կա, հայտնում է «Pontis Expedition»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Զելինսկին։ «NC Logistic» ընկերությունից նույնպես հաստատել են այս միտումը. շատ փոքր ընկերություններ այժմ սպասողական դիրք են գրավել և հրաժարվում են հեռավոր չվերթներ իրականացնելուց։ «Նրանք կա՛մ ընդհանրապես պատվերներ չեն վերցնում, կա՛մ էլ չափազանց բարձրացնում են փոխադրման արժեքը»,- նշել են «NC Logistic»-ում։

Եթե առաջիկա շաբաթներին իրավիճակը չփոխվի, բոլորը կսկսեն բարձրացնել փոխադրման գները, զգուշացրել է «Տրանսսերտիկո»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սոբոլևը։ Նրա խոսքով՝ ավտոփոխադրողների մեծ մասն առանց այն էլ «գոյատևման եզրին է», իսկ երթուղիների օպտիմալացումն ու վառելիքի պաշարների ստեղծումը լուրջ ու երկարաժամկետ ներդրումներ են պահանջում։

Միևնույն ժամանակ, բեռնառաքողները հազիվ թե կարողանան անցնել երկաթուղային փոխադրումների (հատկապես միջազգային հաղորդակցությունում), քանի որ դատարկ կոնտեյներների դեֆիցիտ կա, իսկ լոգիստիկայի արժեքն այստեղ նույնպես աճում է, կարծում է «AKFA»-ից Չեռնիշևը։ Բեռների հոսքը վերահասցեագրելու այլ տարբերակ պարզապես չկա, հաստատել է «ԿՎՏ» մաքսալոգիստիկ հոլդինգի նախագահ Յուլիա Շլենսկայան։ «Էլեկտրական ինքնագլորներ ու ոտքով քայլող առաքիչներ՝ ահա և ամբողջ այլընտրանքը»,- եզրափակել է նա։

Source: https://news.am/hy/news/1046612