Ռուսաստանում կհայտնվի «Անքորիջի ոգի» ապրանքային նշանը․ համապատասխան հայտը ներկայացվել է Ռոսպատենտ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ապրանքային նշանը կարող է գրանցվել ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) երրորդ դասում, և այդ բրենդով նախատեսվում է արտադրել օծանելիք, բուրավետ ջուր, օդեկոլոններ և մոմե հալույթներ, նշում է «Կոմերսանտ»-ը։ Կրեմլում «Անկորիջի ոգի»-ով բնութագրում են ամերիկա-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը, որը, իբր, առաջացել է 2025 թվականի ամռանը Ալյասկայում նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։
Ռոսպատենտ ներկայացված հայտը տրվել է հուլիսի 10-ին՝ նույն օրը, երբ ամերիկացի սենատորները տեղեկացրին Թրամփի վարչակազմի հետ Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծի համաձայնեցման մասին։ Մայիսին ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը պարզաբանել էր, որ ՌԴ-ն «Անքորիջի ոգի»-ով նկատի ունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև ձևավորված «վստահության մթնոլորտը», որը, իբր, թույլ է տվել համաձայնեցնել Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի «հիմնական ուրվագծերը»։
Հունիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ամերիկյան նախագահը Անկորիջում Պուտինի հետ որևէ համաձայնություն չի կնքել։ Նրա խոսքով՝ եղել է «միայն առաջարկ», սակայն որևէ պայմանավորվածության մասին խոսք չի գնում։ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում, եթե դրա պահանջը լինի, հայտնել էր Ռուբիոն։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, Ալյասկայում տեղի ունեցած իրադարձությունների նման մեկնաբանության հետ համաձայն չէ և հայտարարում է, որ «Անքորիջի ոգին» սկսել է «ցնդել»։
Source: https://news.am/hy/news/1049986