Ռուսաստանում օգտատերերը դժգոհել են Google, GitHub և Apple ծառայությունների հասանելիությանն առնչվող խնդիրներից։ Դրա մասին վկայում են Downdetector ծառայության տվյալները, հաղորդում է РБК-ն։
Ծառայության տվյալներով՝ վերջին մեկ ժամվա ընթացքում Google-ի աշխատանքի վերաբերյալ ստացվել է ավելի քան 1000, GitHub-ի՝ ավելի քան 590, իսկ Apple-ի՝ մոտ 50 բողոք։ 18 քաղաքների օգտատերեր հայտնում են Google-ի, իսկ 33 քաղաքներից՝ GitHub-ի և Apple-ի հասանելիության խնդիրների մասին։
Google-ին առնչվող խնդիրների մասին ամենից հաճախ հայտնում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նովոսիբիրսկի, Մոսկվայի և Սարատովի մարզերի օգտատերերը։ GitHub-ի աշխատանքի խափանումներից դժգոհում են Պետերբուրգի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի և Չելյաբինսկի մարզերի բնակիչները։ Apple-ի օգտատերերի շրջանում ամենից շատ դիմումներ ստացվում են Վոլգոգրադի, Նովոսիբիրսկի և Նովգորոդի մարզերից, ինչպես նաև Մոսկվայի մարզից և Զաբայկալսկի երկրամասից, հետևում է Downdetector-ի տվյալներից։
Բողոքների մեծ մասը կապված է կայքերի անհասանելիության հետ։ Այսպես, Google-ի դեպքում դիմումների մոտ 80%-ը վերաբերում է կայքի խափանմանը, իսկ GitHub-ի դեպքում՝ 96%-ը։ Apple-ի օգտատերերի մոտ 40%-ը հայտնել է կայքի անհասանելիության, իսկ ևս 40%-ը՝ ծառայությունների ընդհանուր խափանման մասին։
Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ նշված ծառայություններին հասանելիությունը չեն սահմանափակել։
Source: https://news.am/hy/news/1049834