Ռուսաստանում կանանց համար արգելված մասնագիտությունների ցանկը կրճատվել է ավելի քան չորս անգամ։ Դրա մասին հայտնել է ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Օլգա Բատալինան, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

Հյուսիսի կանանց երկրորդ ֆորումի («Հյուսիսը միավորում է. կանանց դերը Ռուսաստանի ժողովուրդների միասնության ամրապնդման գործում») շրջանակում անցկացվող «Հյուսիսցիների սոցիալական բարեկեցությունը. պետական քաղաքականության սկզբունքները» ռազմավարական նիստում ունեցած ելույթի ժամանակ Բատալինան նշել է, որ այսօր կանայք կարող են աշխատել նաև հանքարդյունաբերության ավտոմատացված հոսքագծերում։

Ըստ նրա՝ նախկինում մի շարք մասնագիտություններ հասանելի չէին կանանց համար՝ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաև վնասակար ու վտանգավոր աշխատանքային պայմանների պատճառով։ Սակայն արտադրության թվայնացման, ավտոմատացման և անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ավելի ու ավելի շատ մասնագիտություններ, որոնք ավանդաբար համարվում էին տղամարդկային, հասանելի են դառնում կանանց համար։

Բատալինան նաև հայտնել է, որ Ռուսաստանում արդեն հայտնվել է առաջին կինը, որն աշխատում է որպես բեռնատար լոկոմոտիվի մեքենավար։

Source: https://news.am/hy/news/1046968