Ռուսական «Инферит Безопасность» մշակողը ներկայացրել է հեռանկարային լազերային համալիր՝ ուղղված քաղաքացիական նշանակության օբյեկտները, վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունները, ինչպես նաև կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքներն անօդաչու թռչող սարքերի հարվածներից պաշտպանելուն։
Համալիրը բաղկացած է 3 կիլովատանոց լազերային մոդուլից, նորագույն ռադարից, տեսահսկման համակարգից, ջերմատեսիլից, լիդարների հավաքածուից և լազերային հեռաչափից, հաղորդում է Техкульт-ը։ Միասնական համակարգի կազմում գտնվող ամբողջ սարքավորումն աշխատում է մասնագիտացված ծրագրային ապահովման կառավարմամբ՝ արհեստական բանականության ալգորիթմներով, որն ընդունակ է ավտոմատ ռեժիմով ճանաչել թիրախները։
Նոր մշակումն ի վիճակի է անընդմեջ աշխատել շուրջ 100 վայրկյան՝ հայտնաբերված թիրախի վրա ներգործության 3-5 վայրկյան միջին ժամանակով։ Ընդ որում, հակազդեցությունը կարող է լինել ինչպես ֆունկցիոնալ (կուրացում), այնպես էլ ֆիզիկական (ջերմային), իսկ դրա արդյունավետ հեռահարությունը հասնում է 1000 մետրի՝ ավելի քան 90% խոցման դիպուկությամբ։
Source: https://news.am/hy/news/1049991