Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը 2026 թվականի արդյունքներով կարող է փոքր-ինչ աճել։ Սակայն այն միևնույն է ավելի փոքր կլինի, քան արդյունաբերական այլ զարգացած երկրներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացվող լիագումար նիստում, գրում է «Коммерсантъ»-ը։
Պուտինը տվյալներ է բերել Լեհաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի վերաբերյալ։ Այդ պետություններում դեֆիցիտը, նրա տվյալներով, կազմում է ՀՆԱ-ի համապատասխանաբար 3,7%, 5,2% և 5,1%-ը։
«Բյուջեն այս տարվա արդյունքներով կարող է փոքր-ինչ աճել, բայց, կարծում եմ, միևնույն է ավելի փոքր կլինի, քան արդյունաբերական այլ զարգացած երկրներում։ Նման իրավիճակը հղի է արևմտյան արժույթների համար գնաճի նոր բռնկմամբ։ Իսկ նման բան արդեն եղել է 2021-2022 թվականներին, երբ երկու տարվա ընթացքում եվրոգոտում և ԱՄՆ-ում գներն աճեցին 14%-ով»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նիստի ժամանակ պատմել է նաև, որ եվրոգոտու պետական պարտքը 2025 թվականին աճել է մինչև ՀՆԱ-ի 81,7%-ը։ Այս հարցում վատթարագույն ցուցանիշներն ունեն Հունաստանը՝ 146%, Իտալիան՝ 137%, Ֆրանսիան՝ 115%, Բելգիան՝ 108%։ Ռուսաստանինը 16,4% է, ճշտել է նա։ Այնուամենայնիվ, այս թիվը «փոքր-ինչ տատանվող է», հավելել է Ռուսաստանի առաջնորդը։
Source: https://news.am/hy/news/1041249