Պետական ներդրումների երկու տասնամյակը Թուրքիան ներմուծողից վերածել են անօդաչու թռչող սարքերի և այլ սպառազինության խոշոր արտահանողի, գրում է Reuters գործակալությունը։

Արևմուտքի վերազինման և ռազմական դաշինքների փոփոխության ֆոնին երկիրը ձգտում է ամրապնդել այդ դիրքերը։ Այսօր Թուրքիան զենք է մատակարարում գրեթե 40 երկրների (հիմնականում Պարսից ծոցի տարածաշրջան, Աֆրիկա, Ասիա և Եվրոպա)՝ գնորդներին առաջարկելով մրցակիցների համեմատ ավելի էժան, մատակարարման տեսանկյունից ավելի արագ և հարմարեցվող արտադրանք։ Այն պայմաններում, երբ եվրոպական կառավարությունները վերագնահատում են իրենց պաշտպանական կախվածությունը ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո և կասկածում են ԱՄՆ երկարաժամկետ երաշխիքների հարցում, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Անկարային դիտարկում են ոչ միայն որպես ռազմական հենակետ հարավարևելյան թևում, այլև որպես հնարավոր արդյունաբերական գործընկեր։

Ըստ Reuters-ի առևտրային տվյալների վերլուծության՝ թուրքական ռազմական արտահանումը 2021 թվականից ի վեր աճել է ավելի քան երեք անգամ՝ անցյալ տարի հասնելով 10 միլիարդ դոլարի (երկրի ընդհանուր արտահանման ծավալի մոտ 3,7%-ը)։ Ընդ որում, մատակարարումները Եվրոպա և ԱՄՆ ավելացել են գրեթե չորս անգամ՝ հասնելով 5,6 միլիարդ դոլարի։ Այս աճն ապահովել են մի շարք ընկերություններ, մասնավորապես՝ ԱԹՍ-ներ արտադրող Baykar-ը, Turkish Aerospace Industries-ը, ինչպես նաև Arca Defense-ը և Kale-ն։

Վերլուծաբանների կարծիքով՝ պետական աջակցությունը և մատակարարման շղթաների ճկունությունը թուրքական ընկերություններին հնարավորություն են տվել արագորեն զբաղեցնել այն խորշերը, որտեղ արևմտյան մատակարարները բախվել են հզորությունների դեֆիցիտի կամ գնումների ձգձգվող ընթացակարգերի հետ։

Թուրքիան ծրագրում է երկու տարվա ընթացքում կրկնապատկել սպառազինության արտահանումը, ինչը կօգնի միջոցներ ներգրավել պարտքերի վճարման և նոր մշակումների ֆինանսավորման համար, նշում է Reuters-ը։

Գտնվելով երկու խոշոր հակամարտությունների (Ուկրաինայում և Իրանում) միջև՝ Անկարան ձգտում է նաև տեխնոլոգիական գործարքների հաշվին փակել սեփական բացերը ՀՕՊ-ի, ավիացիոն և տանկային շարժիչների ոլորտում։

Թուրքիային բաժին է ընկնում մարտական ԱԹՍ-ների համաշխարհային շուկայի մոտ 65%-ը, երկիրը նաև զինամթերքի խոշոր արտահանող է և զարգացնում է ֆրեգատների, ավիակիրների ու զրահատեխնիկայի արտադրությունը։ Ինդոնեզիան արդեն պայմանագիր է կնքել մշակման փուլում գտնվող 48 թուրքական կործանիչների ձեռքբերման համար։ Միևնույն ժամանակ, Անկարայի հավակնությունները պարունակում են նաև հեղինակության ռիսկեր. վերջերս Ստամբուլում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպի ներկայացումը արժանացավ փորձագետների քննադատությանը՝ գովազդային հոլովակի պատճառով, որտեղ մոդելավորվում էր հիպոթետիկ հարված Հյուսիսային Ամերիկային։ Այնուամենայնիվ, ռազմական ոլորտը կդառնա հուլիսի 7-8-ին Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեման, որի շրջանակում գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ազդարարել է ռազմական արդյունաբերության լայնամասշտաբ ֆորումի անցկացման մասին։

Դաշնակիցների վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշումը՝ սեփական ռազմական ծախսերն ավելացնելու պահանջով (ներառյալ Գերմանիայից հազարավոր ամերիկյան զինվորականների դուրսբերման ծրագրերը), Թուրքիայի համար նոր հնարավորություններ է բացում։ Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը եվրոպական երկրներին կոչ է արել հրաժարվել այնպիսի պաշտպանական ծրագրերից, որոնք բացառում են ԵՄ անդամ չհանդիսացող ՆԱՏՕ-ի անդամներին։ Այժմ Թուրքիան մեկուսացված է եվրոպական SAFE ծրագրից՝ քաղաքական տարաձայնությունների և երկրում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ հարցերի պատճառով։

Չնայած դրան, թուրքական ընկերություններն արդեն պաշտպանական պայմանագրեր են կնքել Լեհաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի ու Ռումինիայի հետ, իսկ Baykar ընկերությունը ձեռք է բերել իտալական Piaggio Aerospace-ը և գործընկերություն է սկսել Leonardo-ի հետ։

Համաշխարհային ռազմական ծախսերի 24% աճի (մինչև 2,9 տրիլիոն դոլար՝ 2025 թվականի դրությամբ) և Եվրոպայում դրանց 75% թռիչքի հետնապատկերին, թուրքական ռազմական գործակալությունը կրկնապատկել է ֆինանսավորվող գիտահետազոտական նախագծերի թիվը՝ հասցնելով ավելի քան 1400-ի։

Source: https://news.am/hy/news/1041256