Էստոնիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Մադիս Ռոլը ընթացիկ տարվա մայիսին դարձել է խարդախ հեռախոսազանգի թիրախ, որը կապված է ռուսաստանցի պրանկերներ Վովանի և Լեկսուսի հետ, հաղորդում է ERR-ը։
Գերատեսչությունում ընդգծել են, որ զրույցի ընթացքում որևէ գաղտնի տեղեկություն չի փոխանցվել։
Ըստ գրասենյակի ներկայացուցիչների՝ խոսքը մի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, սակայն ռուսական լրատվամիջոցները հանրությանը ներկայացրել են միայն հիմա։ Էստոնիայում հայտարարել են, որ տարածված տեղեկությունն աղավաղում է զրույցի բովանդակությունը և օգտագործվում է քարոզչական նպատակներով։
Ինքը՝ Մադիս Ռոլը, նշել է, որ զրույցի ընթացքում խոսել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անվտանգության ոլորտում համագործակցության համատեքստում, դրանց թվում՝ Էստոնիայի տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը կանխելու հնարավոր միջոցառումների մասին։ Նա ընդգծել է, որ նման միջադեպերի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, որը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, և որ իր խոսքերը ներկայացվել են աղավաղված տեսքով։
Նախագահի գրասենյակից հավելել են, որ տեղեկություններ կորզելու նմանատիպ փորձեր արվել են նաև մերձբալթյան մյուս երկրների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ Ուկրաինան ավելի վաղ նույնպես հայտնել էր նմանատիպ դեպքերի մասին։
Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ զանգը կազմակերպել են Վովան և Լեկսուս անուններով հայտնի պրանկերների հանրահայտ դուետը, որոնք, ըստ իրենց վարկածի, ներկայացել են որպես Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։
Ըստ այդ հաղորդագրությունների՝ զրույցի ընթացքում, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել հուլիսի 1-ին, քննարկվել են Ուկրաինային աջակցելու և անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցեր։ Էստոնիայում այդ պնդումները հերքում են՝ դրանք անվանելով տեղեկատվական արշավի մաս։
Նախագահի գրասենյակում հայտարարել են նաև, որ նման ձայնագրությունները քարոզչական նպատակներով օգտագործելու փաստն ինքնին վկայում է քաղաքական մանիպուլյացիաների փորձերի մասին և Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի գործողությունները գնահատելու հարցում երկրի դիրքորոշման վրա չի ազդում։
Մադիս Ռոլը զբաղեցնում է Էստոնիայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը 2023 թվականի օգոստոսից։
Վովանի և Լեկսուսի դուետը նախկինում ևս բազմիցս հրապարակել է արևմտյան քաղաքական գործիչների հետ հեռախոսային կատակների ձայնագրություններ՝ ներկայանալով տարբեր պաշտոնական անձանց անուններով։
Source: https://news.am/hy/news/1047194