Ռուսաստան ժամանող ներգաղթյալը պարտավոր կլինի բջջային հեռախոս գնել։ Դրա մասին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Իգոր Զուբովը, հաղորդում է РБК-ն։
«Բոլորին հետաքրքիր է, թե ինչ է լինելու ապագայում, ուր ենք մենք գնում։ Յուրաքանչյուր ներգաղթյալ, որը գրանցվում է և գալիս է այստեղ՝ հատկապես աշխատանքային կամ երկար ժամանակով, պարտավոր կլինի հեռախոս գնել։ Այդ հեռախոսում կլինի նրա էլեկտրոնային պրոֆիլը։ Եվ մենք կիմանանք յուրաքանչյուր ներգաղթյալի գտնվելու վայրը։ Նա չի կարողանա անվերահսկելիորեն տեղափոխվել մի բնակավայրից մյուսը, փոխել իր գտնվելու վայրը։ Դա հիմքը կլինի»,- պարզաբանել է Զուբովը։
Հեռախոսի առկայությունը միաժամանակ հնարավորություն կտա նախապես զգուշացնել ներգաղթյալին, օրինակ՝ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտի կամ որևէ վայր ներկայանալու անհրաժեշտության մասին։
«Եվ ոչ թե անսպասելիորեն, երբ մարդն ինչ-որ բան բաց է թողել կամ չի իմացել»,- հավելել է փոխնախարարը։
Source: https://news.am/hy/news/1050043