Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո, կառավարություն ձևավորելու երրորդ փորձն է սկսել։ Այս մասին հայտնել է «Digi24» հեռուստաալիքը։

Ավելի վաղ Դանի խորհրդական, եվրապատգամավոր Էուջեն Տոմակը ինքնաբացարկ էր հայտնել, իսկ Ազգային-լիբերալ կուսակցության անդամ Ադրիան Վեշտյան խորհրդարանում բավարար աջակցություն չէր ստացել։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կոտրոչենի պալատում Ռումինիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ բոլոր կուսակցություններն առաջարկել են փոքրամասնության կառավարություն ձևավորելու իրենց թեկնածուներին։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն (ՍԴԿ) առաջարկել է կաբինետի ղեկավար նշանակել իր առաջնորդ Սորին Գրինդյանուին։ Աջակողմյան ԱԼԿ-ն և «Հանուն Ռումինիայի փրկության միություն» կուսակցությունն առաջադրել են նախկին վարչապետ Իլիե Բոլոժանի թեկնածությունը։ Իսկ ընդդիմադիր «Ռումինացիների միավորման դաշինք» (ՌՄԴ) կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել միայն իր թեկնածուի օգտին, սակայն կոնկրետ անուններ չի նշել։

Միևնույն ժամանակ, «Digi24»-ի տեղեկություններով՝ Դանը հակված է առաջադրելու ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդրու Նազարեի թեկնածությունը։ Սակայն դեռևս օրակարգային է մնում այն հարցը, թե նա ինչպես է խորհրդարանում հավաքելու անհրաժեշտ քանակությամբ ձայներ։

Ռումինիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ ապրիլի 20-ին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) որոշել է զրկել Բոլոժանին քաղաքական աջակցությունից և հետ կանչել կառավարության իր նախարարներին։ Պատճառն այն է, որ ՍԴԿ-ն համաձայն չի եղել կառավարության ձեռնարկած մի շարք խիստ տնտեսման միջոցառումների հետ և կարծում է, որ իշխող կոալիցիայում գործընկերների միջև իրական երկխոսություն չկա։ Դրանից հետո կառավարությունը ստացել է ժամանակավորի կարգավիճակ, և դրա լիազորություններն այժմ սահմանափակ են։

Source: https://news.am/hy/news/1045479