Ռումինիայում հարկային ծառայության և Պետական ֆինանսների շրջանային վարչության հազարավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել աշխատավարձերի մասին օրենքի պատճառով, հայտնում է «Digi24»-ը։
Հինգշաբթի առավոտյան ամբողջ երկրում հարկային ծառայողները դադարեցրել են աշխատանքը։ Բողոքի պատճառը միասնական աշխատավարձի մասին նոր օրենքն է. ցուցարարների պնդմամբ՝ դրա պատճառով իրենց պարգևավճարները կրճատվելու են մինչև 4 հազար լեյով (մոտ 760 եվրո)։
Պետական ֆինանսների շրջանային վարչությունների գրասենյակներն ամբողջ երկրում փակ են, իսկ պատուհաններին փակցված են «Ապստամբություն հանուն արժանապատվության» և «Օր առանց ֆինանսների» գրություններով պաստառներ։
Բողոքի ակցիաները տարածվել են նաև տարածքային կենսաթոշակային հիմնադրամների և որոշ դատարանների վրա։
Ֆինանսական ոլորտի աշխատակիցները պահանջում են ներդնել աշխատավարձերի վճարման նոր սանդղակ։ Հաղորդվում է, որ արհմիությունների առաջնորդները մեկնել են Աշխատանքի նախարարություն՝ օրենքի շուրջ բանակցություններ վարելու համար։
Նախօրեին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում առողջապահության ոլորտի հազարավոր աշխատակիցներ նույնպես դուրս են եկել փողոց՝ բողոքելով աշխատավարձերի ձևավորման մասին օրենքի նախագծի դեմ։
Source: https://news.am/hy/news/1040861