Թեհրանը մտադիր է վճար գանձել ոչ թե Հորմուզի նեղուցով անցնելու, այլ բացառապես նավերին մատուցվող ծառայությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Իսլամական Հանրապետությունը նպատակ չունի տարանցիկ տուրքեր կամ անցման վճարներ գանձել։ Ընդհակառակը՝ մեր նպատակն է վարձատրվել այն ծառայությունների համար, որոնք մենք Օմանի հետ համատեղ մատուցում ենք այս տարածաշրջանում։ Դրանք ներառում են նավագնացության ապահովումը, որոնողափրկարարական աշխատանքները, անվտանգության և նավարկության պաշտպանության ապահովումը, ինչպես նաև բնապահպանական ծառայությունները, օրինակ՝ շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքում աղտոտվածության վերացումը»,- «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։ Ղարիբաբադին ընդգծել է, որ «նման քայլերը չեն հակասում միջազգային ծովային իրավունքին»։

Իրանի փոխարտգործնախարարը նաև նշել է, որ ՄԱԿ-ի՝ 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նույնպես նախատեսվում է, որ առափնյա պետությունները կարող են վճար ստանալ որոշակի ծառայությունների մատուցման դիմաց։

Ինչ վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի վերջնական տարբերակին, ապա աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ դրանց ավարտի ժամկետները հստակ չեն։ «Համաձայնագրի տեքստը կհամարվի վերջնական միայն այն ժամանակ, երբ մենք գոհ լինենք արդյունքից։ Ժամկետների մասին խոսելիս չեմ կարող կոնկրետ ամսաթվեր նշել։ Մեր նպատակն է տեքստն այնպես լրամշակել, որ այն լիովին համապատասխանի մեր շահերին»,- նշել է Քազեմ Ղարիբաբադին։

Source: https://news.am/hy/news/1040892