ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր փորձել է պարզաբանել Լիբանանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած լարված հեռախոսազրույցի համատեքստը և հայտարարել է, որ «Հըզբոլլահը» մնում է մշտական ու անփոփոխ խնդիր, հաղորդում է CNN-ը։
Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի առջև՝ Ռուբիոն հայտնել է, որ «օրերս տեղի ունեցածի համատեքստում» ԱՄՆ-ն այս շաբաթվա սկզբին ունեցել է «բազմաթիվ հետախուզական տվյալներ» այն մասին, որ Իսրայելը «հնարավոր է՝ դիտարկում է Բեյրութի ներսում «Հըզբոլլահի» օբյեկտներին հարվածներ հասցնելու հարցը»։
«Հենց այդ պահին մեզ դիմեցին Լիբանանի իշխանությունները և հայտնեցին, որ «Հըզբոլլահի» ներկայացուցիչները կապ են հաստատել իրենց հետ ու հայտարարել. եթե Իսրայելը հարվածներ չհասցնի Բեյրութին, ապա իրենք կդադարեցնեն հրթիռների արձակումը իսրայելական տարածքի ուղղությամբ»,- պատմել է պետքարտուղարը։
«Ահա թե ինչպիսի հաղորդագրություն մենք ստացանք, և հենց դրանով էր առաջնորդվում նախագահը, երբ ասաց [Նեթանյահուին]. «Լա՛վ, ես ունեմ այս դիմումը։ Եթե դուք հրաժարվեք Բեյրութում այդ հարվածներից, նրանք կդադարեցնեն Հյուսիսային Իսրայելի գնդակոծությունները»»,- իրավիճակը նկարագրել է Ռուբիոն։
«Ցավոք, այդ խոսակցությունից բառացիորեն մեկ կամ երկու ժամ անց «Հըզբոլլահի» կողմից հետևեց հրթիռային հարվածների երկու ալիք Իսրայելի և իսրայելական տարածքի ուղղությամբ»,- հավելել է նա։
Ըստ Ռուբիոյի՝ Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ռազմական գործողության ընդլայնումն ուղղված է այն բանին, որպեսզի «Հըզբոլլահին» զրկեն հրթիռների արձակման հարթակներից։ «Հուսով ենք՝ կկարողանանք ստեղծել մի պարադիգմ, որտեղ Լիբանանի կառավարությունն ու Իսրայելը կկարողանան միասին աշխատել՝ «Հըզբոլլահին» զինաթափելու համար և թույլ տալու Լիբանանի ժողովրդին հետ վերադարձնել իրենց երկիրը, բայց դա բարդ գործընթաց է»։
Source: https://news.am/hy/news/1040684