ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աշխատանքային չաթերում օգտագործել է հաղորդագրությունների ավտոմատ ջնջման ֆունկցիան, ինչը խախտել է Միացյալ Նահանգների դիվանագիտական կորպուսի պաշտոնյաների աշխատանքային կանոնակարգերը։ Այս մասին հղում անելով իր աղբյուրին՝ պնդում է «The Atlantic» ամսագիրը։
Հրապարակման մեջ նշվում է, որ 2025 թվականի մարտին Եմենին հասցված ԱՄՆ հարվածների քննարկման չաթի արտահոսքից հետո դատարանը պետքարտուղարի գրասենյակից պահանջել է ապացույցներ ներկայացնել այն մասին, որ նրա հեռախոսի նամակագրությունները չեն ջնջվում և անհրաժեշտության դեպքում կարող են ուսումնասիրվել: Ի պատասխան դրան՝ Պետդեպարտամենտում սկզբում հայտարարել են, թե Ռուբիոն օգտագործում է հատուկ ծրագրային ապահովում, որը պահպանում է բոլոր հաղորդագրությունները, իսկ հետո սկսել են պնդել, թե նա իբր չի օգտվում ավտոմատ ջնջման գործառույթից։
«Սակայն ներկա ժամանակով գրված այս հերքումն ավելի նվազ նշանակություն է ունեցել, քան թվում էր։ Մոտ երկու ամիս անց Ռուբիոն փոխել է Signal հավելվածի այն չաթի կարգավորումները, որտեղ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ քննարկվել են վարչական հարցեր, որպեսզի հաղորդագրություններն ավտոմատ կերպով ջնջվեն նախապես սահմանված ժամանակահատվածից հետո»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին։
Ավտոմատ ջնջման տեխնոլոգիաների կիրառումն արգելվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցների գործունեությունը կարգավորող կանոնակարգով։ Այնտեղ նշվում է, որ ցանկացած գործառույթ, որը թույլ է տալիս ոչնչացնել պաշտոնյաների հաղորդակցության հետքերը, պետք է «անջատված լինի կամ մնա ապաակտիվացված՝ պաշտոնական գրառումների ամբողջականությունը, հասանելիությունն ու պահպանվածությունն ապահովելու համար»։
Հունիսի վերջին պարբերականը հայտնել էր, որ Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը շարունակել են աշխատանքային հարցերը քննարկել «Signal» մեսենջերով՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ գործելաոճից հրաժարվելու հորդորներին։
«The Atlantic»-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը 2025 թվականի մարտի 24-ին հայտարարել էր, որ նույն թվականի մարտի 11-ին «Signal» մեսենջերով հարցում է ստացել և հայտնվել մի չաթում, որտեղ ԱՄՆ իշխանությունները քննարկում էին Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժմանը հարվածներ հասցնելու հարցը։
Մասնակիցներից շատերը հաստատել են, որ եղել են այդ չաթում, սակայն պնդել են, որ մեսենջերով գաղտնի տեղեկատվություն չեն փոխանակել։ Գոլդբերգը ներկայացրել է նամակագրության սքրինշոթերը, որտեղ Պենտագոնի ղեկավարը գործողության մեկնարկից մի քանի ժամ առաջ հայտնում է ինքնաթիռների տեսակների և թիրախների մասին, ինչը, լրագրողի կարծիքով, արտահոսքի դեպքում կարող էր վտանգել զինծառայողների կյանքը։
Source: https://news.am/hy/news/1049939