ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Կոնգրեսի երկու պալատների համար կազմակերպված հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ անդրադարձել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին։ Նրանք վերահաստատել են, որ Սպիտակ տան վերջնական նպատակն Իրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքումն է։ Այս մասին գրում է Politico պարբերականը։
«Ուիթքոֆն ու Ռուբիոն կրկնել են այն հավաստիացումները, որոնք վարչակազմն ավելի վաղ՝ փակ հանդիպումների ժամանակ, առանձին տվել էր որոշ օրենսդիրների. նպատակն է հասնել վերջնական համաձայնության, որը թույլ չի տա Իրանին պահպանել իր բարձր հարստացված ուրանը»,- հայտնում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուբիոյի և Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է փոխըմբռնման հուշագիրը հենց այս քննարկումներին սկիզբ դնելու համար։
Ուիթքոֆը նաև հաստատել է, որ փորձագետների տեխնիկական խումբը մեկնելու է Կատար, որտեղ երեքշաբթի օրը սպասվում են բանակցություններ։ Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուիթքոֆն արդեն մեկնել է Դոհա։
Axios պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի բանագնացներն այս շաբաթ կժամանեն Կատար, սակայն նրանց միջև ուղիղ շփումներ չեն նախատեսվում։ Սպասվում է, որ երեքշաբթի օրը Ուիթքոֆն ու Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կհանդիպեն Կատարի վարչապետի և տեղական այլ պաշտոնյաների հետ՝ Իրանի շուրջ բանակցությունները քննարկելու համար։ Իսկ չորեքշաբթի օրը Իրանն ու ԱՄՆ-ն առանձին-առանձին փորձագիտական մակարդակով հանդիպումներ կունենան Կատարի և Պակիստանի միջնորդների հետ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երեքշաբթի օրը Դոհայում կայանալիք ամերիկա-իրանական բանակցությունների մասին։ Սակայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Թեհրանն առաջիկա օրերին Կատարում ամերիկյան կողմի հետ որևէ շփում չի պլանավորում։
Source: https://news.am/hy/news/1046789