Պետքարտուղար Մարկո Ռուբիոն The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ «շատ լուրջ բանակցությունների», եթե Իրանը կրկին բացի Հորմուզի նեղուցը։
«Դուք չեք կարող 72 ժամում, անձեռոցիկի վրա, ստեղծել միջուկային ծրագիր»,- կիրակի ասել է Ռուբիոն պարբերականին տված կարճ հարցազրույցում՝ Նյու Դելի կատարած իր այցի ընթացքում։ - «Նեղուցները պետք է անհապաղ կրկին բացվեն, և այդ ժամանակ մենք, համաձայնեցված պարամետրերին համապատասխան, կանցնենք շատ լուրջ բանակցությունների՝ հարստացման, բարձր հարստացված ուրանի և նրանց խոստման մասին, որ երբեք չեն ունենա միջուկային զենք»։
Ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իրանը հրապարակայնորեն չեն բացահայտել մանրամասները, սակայն կիրակի օրը ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարքի շուրջ, որով կրկին կբացվի Հորմուզի նեղուցը՝ Իրանի կողմից իր բարձր հարստացված ուրանը ոչնչացնելու պարտավորության դիմաց։
Իրանը հրապարակայնորեն չի մեկնաբանել և չի հաստատել իր դիրքորոշումը հարստացված ուրանի իր պաշարների վերաբերյալ։
Ռուբիոն, պնդում է, որ Թրամփի քաղաքականությունը, ըստ որի Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, չի փոխվել։
Միևնույն ժամանակ նա հասկացրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են ընդունել բանակցությունների փուլային մոտեցում, որը, քննադատների կարծիքով, կարող է Թրամփին զրկել բանակցություններում ազդեցության լծակներից։
«Սա շատ տարիներ չի տևի, բայց որոշ ժամանակ կպահանջվի՝ այս տեխնիկական հարցերը պարզելու համար»,- ասել է Ռուբիոն։
Խոսելով ԱՄՆ նախագահի մասին՝ նա հավելել է. «Նա միշտ կնախընտրի խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, համաձայնագրերի միջոցով, և հենց այդ պատճառով մենք պատրաստվում ենք օգտագործել դրանց հասնելու բոլոր հնարավորությունները։ Այսպիսով, հենց հիմա տարածաշրջանում ունենք յոթ կամ ութ երկիր, որոնք աջակցում են այս մոտեցմանը, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»։
Ռուբիոն նաև ենթադրել է, որ Միացյալ Նահանգները կարող են վերսկսել Իրանի վրա հարձակվելու իրենց սպառնալիքները, եթե բանակցությունները երկու ամսվա ընթացքում արդյունք չտան։
«Ի վերջո, այս մոտեցումը պետք է ապահովի այն, ինչ մենք ուզում ենք ստանալ դրանից։ Եթե դա տեղի չունենա, ապա նախագահն ունի իրեն հասանելի բոլոր տարբերակները այն 60 օրվա ընթացքում, որոնք նա հիմա ունի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Source: https://news.am/hy/news/1037981
World
Ռուբիո․ ԱՄՆ-ն պատրաստ է շատ լուրջ բանակցությունների միջուկային ծրագրի շուրջ, եթե Իրանը բացի Հորմուզի նեղուցը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։