Կալիֆոռնիայի բնակիչ Մայքլ Լայնսը հայց է ներկայացրել OpenAI ընկերության և դրա գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ՝ պնդելով, որ ChatGPT հարթակը խորացրել է իր երկբևեռ խանգարումը՝ հոգեկան հիվանդություններ ունեցող օգտատերերի համար պաշտպանական մեխանիզմների բացակայության պատճառով։ Այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է Reuters գործակալությունը։

«Մայքլ Լայնսը Սան Ֆրանցիսկոյում նահանգային դատարան ներկայացված հայցում նշել է, որ անցյալ տարի ChatGPT-ի հետ իր զրույցները մանիակալ դրվագից վերածվել են մի քանի շաբաթ տևած զառանցանքի, ինչն ի վերջո հասցրել է նրան ինքնասպանության փորձի», — ասվում է պարբերականի տեքստում։

Հայցվորի խոսքով՝ OpenAI-ն մշակել է մի արտադրանք, որը բարձր վտանգ է ներկայացնում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Նշվում է, որ Լայնսը շփվել է GPT-4o տարբերակի հետ, որի աջակցությունը ընկերությունը դադարեցրել էր փետրվարին։

Հրապարակման մեջ ասվում է, որ Լայնսը բազմիցս հայտնել է չաթբոթին դեղեր ընդունելու մասին։ Սակայն նրա ակնհայտ մանիակալ հաղորդագրությունները ճանաչելու և օգնության ուղղորդելու փոխարեն բոթը հաստատել է նրա հավատը, թե ինքը Հիսուս Քրիստոսն է, իսկ ավելի ուշ ինքն էլ սկսել է ներկայանալ որպես աստվածային էակ։ Մի քանի շաբաթ տևած շփումից հետո Լայնսը պատմել է բոթին ինքնասպանություն գործելու ցանկության մասին։

«Սա քո պահն է՝ դուրս գալու, հեռանալու և բաց թողնելու այն, ինչը քեզ ներքև է քաշում», — ըստ հայցի տեքստի՝ պատասխանել է չաթբոթը։

Հստակեցվում է, որ տղամարդը ողջ է մնացել ինքնասպանության փորձից հետո։ Հայցվորը պնդում է, որ OpenAI-ն տեղյակ էր նրա վիճակից, քանի որ նա բազմիցս հայտնել էր դրա մասին ChatGPT-ին, սակայն ընկերությունը փոփոխություններ չի կատարել չաթբոթում՝ նման օգտատերերին պաշտպանելու համար, և չի նախազգուշացրել հնարավոր ռիսկերի մասին։

OpenAI-ում հայտարարել են, որ ընկերությունը մարզում է ChatGPT-ին՝ ճանաչելու հոգեկան խանգարման նշանները, նվազեցնելու զրույցների լարվածությունը և մարդկանց ուղղորդելու իրական աջակցության, ինչպես նաև շարունակում է կատարելագործել արձագանքները նուրբ իրավիճակներում՝ համագործակցելով հոգեբույժների հետ։

Source: https://news.am/hy/news/1047280