Renault ընկերությունը պատրաստում է իր երկու կոմպակտ էլեկտրամոբիլների՝ R4-ի և R5-ի թարմացումը, որը, ըստ Autocar-ի, պետք է ներկայացվի 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին։
Հիմնական փոփոխությունները կվերաբերեն էլեկտրաշարժիչներին․ դրանք կդառնան ավելի հզոր և ավելի տնտեսող։
R5 մոդելը (թողարկվել է 2024 թվականին) և R4-ը (ներկայացվել է 2025 թվականի սկզբին) կառուցված են նույն AmpR Small հարթակի վրա և օգտագործում են երկրորդ սերնդի էլեկտրաշարժիչներ։ Ներկայումս դրանց համար առաջարկվում են ուժային համակարգերի երկու տարբերակ։ R5 Urban Range-ի բազային տարբերակը համալրված է 121 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 40 կՎտ·ժ մարտկոցով։ Ավելի թանկ Comfort Range տարբերակը ստանում է 148 ձիաուժ հզորությամբ շարժիչ և 52 կՎտ·ժ մարտկոց։ Մեծ Բրիտանիայում R4 կրոսովերը հասանելի է միայն Comfort Range տարբերակով։
Կախված համալրումից՝ Renault R5-ի ընթացքի պաշարը կազմում է մոտ 310–405 կմ։ Ավելի մեծ R4-ի դեպքում այս ցուցանիշը փոքր-ինչ ցածր է՝ առավելագույն տարբերակում մոտ 402 կմ։
Այժմ Renault-ը աշխատում է շարժիչների նոր արդիականացված տարբերակի վրա, որը ստացել է Gen 2 Evo անվանումը։ Այս շարժիչները ստեղծվում են՝ հաշվի առնելով Scenic և Megane ապագա մոդելների համար ավելի առաջադեմ ուժային համակարգերի մշակման փորձը, որոնք սպասվում են ավելի մոտ 2028 թվականին։
Renault-ի էլեկտրաշարժիչների և մարտկոցների մշակման տնօրեն Մարիանն Բատայոնի վկայությամբ, հիմնական ուշադրությունը կենտրոնացած է արդյունավետության բարձրացման և այնպիսի բաղադրիչների օպտիմալացման վրա, ինչպիսիք են ինվերտորը և ռեդուկտորը։ Սա պետք է միաժամանակ ավելացնի հզորությունը և նվազեցնի էներգիայի սպառումը։
Թարմացված շարժիչները R4-ին և R5-ին թույլ կտան պահպանել մրցունակությունը այլ արտադրողների նոր մոդելների ֆոնին։
Միևնույն ժամանակ, նոր տեխնոլոգիան արդեն մասամբ կիրառվում է Renault Twingo ապագա քաղաքային մոդելում, որը կներկայացվի տարվա վերջին, թեև դրանում շարժիչի հզորությունը կնվազեցվի մինչև 80 ձիաուժ՝ քաղաքային շահագործման վրա ուղղված լինելու պատճառով։
Source: https://news.am/hy/news/1046410