Renault Group-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելուց տասն ամիս անց Ֆրանսուա Պրովոն ներկայացրել է ընկերության զարգացման իր ռազմավարությունը՝ Futuready անվանմամբ։ Թեև Լուկա դե Մեոյի հեռանալուց հետո նոր ղեկավարը խոստացել էր շարունակել 2021 թվականին մեկնարկած «Renaulution» ծրագրի ուղեգիծը, գործնականում նա արդեն սկսել է նկատելի փոփոխություններ իրականացնել կոնցեռնի կառուցվածքում, գրել է Autocar-ը։
Futuready ծրագիրը նախատեսում է պարզեցնել Renault Group-ի կառավարման համակարգը, 40 տոկոսով կրճատել նոր մոդելների մշակման ծախսերը, ինչպես նաև մինչև 2030 թվականը թողարկել խմբի բոլոր բրենդների 36 նոր ավտոմեքենա։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է ավելի ակտիվորեն զարգացնել բիզնեսը Հնդկաստանի, Հարավային Կորեայի և Լատինական Ամերիկայի շուկաներում։
Փարիզի մերձակայքում գտնվող Օբվուայում Renault-ի փակ փորձարկման կենտրոն այցելելու ընթացքում Պրովոն անձամբ գնահատել է հեռանկարային մոդելները, որոնցից մի քանիսը շուկայում կհայտնվեն միայն մի քանի տարի անց։ Մշակման փուլում գտնվող նախագծերի թվում են Renault Scenic-ի նոր սերունդը և նրա ավելի սպորտային «ազգականը»՝ Rafale-ը։ Ընկերության ղեկավարությունն արդեն քննարկում է այս ավտոմեքենաների դիզայնի փոփոխությունները, որպեսզի դրանք ավելի հստակ տարանջատվեն։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Renault Bridger ապագա բյուջետային քրոսովերին, որը ստեղծվում է նախ և առաջ հնդկական շուկայի համար։ Պրովոյի խոսքով՝ հենց Հնդկաստանը առաջիկա տարիներին կդառնա Renault-ի ընդլայնման առանցքային ուղղություններից մեկը։ Չնայած այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հետաքրքրությանն այս մոդելի նկատմամբ, ընկերությունն առայժմ չի ծրագրում ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը։
Փորձարկումների ընթացքում Renault-ի ղեկավարը նաև ուսումնասիրել է նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ «լարերով» կառավարման համակարգը (steer-by-wire), որը ժամանակի ընթացքում կարող է հայտնվել կոնցեռնի ապագա մոդելներում։ Պրովոն ընդունել է, որ նման լուծումները պահանջում են լուրջ ներդրումներ, սակայն դրանք համարում է զարգացման կարևոր ուղղություն։
Նա նաև հաստատել է, որ Renault Sport բրենդի վերածնունդը չի դիտարկվում։ Ընկերությունը կշարունակի զարգացնել սպորտային ավտոմեքենաները Alpine ապրանքանիշի միջոցով։
Դիտորդները նշել են, որ նոր ղեկավարը, խարիզմատիկ դե Մեոյի համեմատ, առանձնանում է կառավարման ավելի հանգիստ և պրագմատիկ ոճով։ Սակայն նրա աշխատանքի առաջին ամիսները ցույց են տալիս, որ Պրովոն մտադիր է ոչ միայն պահպանել Renault-ի արդիականացման ուղեգիծը, այլև դրան հաղորդել սեփական ուղղվածություն։
Source: https://news.am/hy/news/1041388