Գերմանական երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ը, այլ երկաթուղային ընկերությունների հետ համատեղ, ուղևորներին խորհուրդ է տվել հանգստյան օրերին հրաժարվել բոլոր ոչ պարտադիր ուղևորություններից հեռավոր և տարածաշրջանային հաղորդակցության գնացքներով՝ ծայրահեղ շոգի պատճառով, հայտնել է ntv-ն։
Ընկերությունում հայտնել են, որ Գերմանիայի տրանսպորտային ենթակառուցվածքը ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով լրջորեն ծանրաբեռնված է։ Նշվել է, որ ծայրահեղ շոգը բացասաբար է անդրադառնում նաև երկաթուղային ցանցի աշխատանքի վրա։
Լրացուցիչ վտանգ են ներկայացնում կանխատեսվող ամպրոպներն ու հորդառատ անձրևները, որոնց մասին նախազգուշացրել է Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը։
«Այս հանգստյան օրերին Գերմանիայի տրանսպորտային ենթակառուցվածքը լրջորեն տուժում է ռեկորդային շոգից։ Երկաթուղային հաղորդակցությունը նույնպես տուժում է ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով։ Այլ երկաթուղային ընկերությունների և ոլորտային կազմակերպությունների հետ միասին, ներառյալ Տարածաշրջանային երկաթուղային տրանսպորտի դաշնային միությունը, Deutsche Bahn-ը խորհուրդ է տալիս. խնդրում ենք, հնարավորության դեպքում, այսօր և վաղը խուսափել հեռավոր և տարածաշրջանային հաղորդակցության գնացքներով այն բոլոր ուղևորություններից, որոնք հրատապ անհրաժեշտություն չեն ներկայացնում», — նշվել է ընկերության հայտարարությունում։
Source: https://news.am/hy/news/1046340