Ռուսաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է առաջ տանել իր նախաձեռնությունը։ Այն վերաբերում է անաշխատունակության թերթիկների (բյուլետենների) ձևակերպման կանոնների խստացմանը։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր, պաշտոնյաների կարծիքով, չափազանց հաճախ են հիվանդության արձակուրդ վերցնում։
Նախարարության նոր նախագծի համաձայն՝ այն աշխատողները, ովքեր կես տարվա ընթացքում արդեն չորս կամ ավելի անգամ ձևակերպել են հիվանդության արձակուրդ, նոր անաշխատունակության թերթիկը կտրվի ընդամենը երեք օրով։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ երեք օրվա ընթացքում պետք է հրավիրվի բժշկական հանձնաժողով։ Նրանք լրացուցիչ հետազոտությունների միջոցով կպարզեն հաճախակի հիվանդանալու պատճառները։ Դրանից հետո բժիշկները կորոշեն՝ հիվանդին ուղարկել ստացիոնար բուժման, թե՞ երկարաձգել եռօրյա արձակուրդը։
Նախագծի համաձայն՝ բացառություն կարվի հղիության, հիվանդ հարազատի խնամքի, ինչպես նաև սոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների դեպքում։ Սահմանափակումը չի վերաբերի նաև նրանց, ովքեր անցնում են երիկամային փոխարինող թերապիա, գտնվում են կարանտինում կամ բուժում են ստանում ստացիոնար համակարգում։ Հատկանշական է, որ փաստաթղթի նախորդ տարբերակում (այս տարվա փետրվարի դրությամբ) հաճախ հիվանդացողների համար նախատեսվում էր ոչ թե եռօրյա, այլ հնգօրյա ժամկետ։ Բացատրական գրության մեջ նշվում է, որ այս քայլն անհրաժեշտ է երկարատև անաշխատունակության պատճառները հասկանալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինի խոսքով՝ բժիշկները սովորաբար վստահում են պացիենտին։ Եթե վերջինս գանգատվում է վատառողջությունից, նրա հիվանդության արձակուրդը գրեթե միշտ երկարաձգում են։ Նա նշել է, որ Առողջապահության նախարարության նախաձեռնության ընդունումից հետո կպակասի այն մարդկանց թիվը, ովքեր «բյուլետենի հաշվին իրենց համար հանգստյան օրեր են կազմակերպում»։ Բացի այդ, սա կօգնի ավելի արդյունավետ բացահայտել քրոնիկական հիվանդությունների պատճառները։
Ավելի վաղ, կադրերի սուր պակասի ֆոնին, իշխանություններն առաջարկում էին աշխատանքի ներգրավել թեթև հիվանդություն ունեցող աշխատողներին։ Փետրվարին մի խումբ պատգամավորներ՝ Պետդումայի աշխատանքի կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովի գլխավորությամբ, օրինագիծ ներկայացրեցին, որով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ «ժամանակավոր ադապտիվ աշխատանքային ռեժիմ»։
Ըստ այդ փաստաթղթի՝ 2027 թվականի հունվարի 1-ից առողջական խնդիրներ ունեցող աշխատողներին թույլ կտրվի շարունակել աշխատանքը թեթևացված ձևաչափով և պահպանելով միջին եկամուտը։ Նշվում է, որ դրա համար անհրաժեշտ կլինի հենց աշխատողի համաձայնությունը և բժշկական եզրակացությունը։ Հեղինակների կարծիքով՝ այս նոր ռեժիմը թույլ կտա աշխատակիցներին չկորցնել իրենց եկամուտը, իսկ գործատուներին՝ նվազեցնել ֆինանսական կորուստները։
Source: https://news.am/hy/news/1039141
World
ՌԴ առողջապահության նախարարությունն առաջարկում է կրճատել հաճախ հիվանդացող քաղաքացիների բյուլետենի ժամկետը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։