Ուկրաինան ծրագրում է գնել ամենավերջին մոդելի մինչև 20 հատ «Gripen» կործանիչ, իսկ Շվեդիան որպես նվեր կփոխանցի այդ ինքնաթիռների 16 հին մոդելները։ Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի օրը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Շվեդիա կատարած այցի ժամանակ, հաղորդում է AFP-ն։

Շվեդիայի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար Ուկրաինան նախատեսում է 2,5 միլիարդ եվրո հատկացնել ԵՄ վարկային միջոցներից։

«Ինչ վերաբերում է «Gripen E» վերջին մոդելի ինքնաթիռներին, մեր նպատակն է արագորեն կնքել վերջնական պայմանագիր, որպեսզի մատակարարումները սկսվեն 2030 թվականից», — հայտարարել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Նա Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիս է ունեցել Ստոկհոլմից մոտ 70 կմ հյուսիս գտնվող Ուպսալայի ավիաբազայում։

Քրիստերսոնի խոսքով՝ որպես նվեր տրվող 16 ինքնաթիռներն Ուկրաինա կհասնեն 2027 թվականի սկզբին։

«Սա պատմական որոշում է Շվեդիայի համար, որը նաև զգալիորեն կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը», — հավելել է նա։

Հոկտեմբերին երկու երկրները մտադրությունների հուշագիր էին ստորագրել, ըստ որի՝ Կիևը նախատեսում է ընդհանուր առմամբ գնել 100-ից 150 հատ «Gripen E» տեսակի կործանիչ։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել բոլոր 150 ինքնաթիռները։

«Մենք հուսով ենք, որ կկարողանանք ֆինանսավորում գտնել դրանց բոլորի համար», — ասել է նա։

Հիշեցնենք, որ Շվեդիան 2024 թվականին սառեցրել էր Ուկրաինային «Gripen» ինքնաթիռներ տրամադրելու ծրագրերը, քանի որ գործընկեր երկրները պահանջել էին առաջնահերթությունը տալ ամերիկյան «F-16» կործանիչների մատակարարմանը։

Source: https://news.am/hy/news/1039160