Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող վեց քաղաքների և գյուղերի բնակիչների տարհանման անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով սպասվող հարվածների մասին։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։

Իսրայելական կողմը նշել է, որ «Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով բանակը ստիպված է վճռական գործողությունների դիմել։

Սոցիալական հարթակներում տարածված հայտարարության մեջ տարհանման կոչ է արվում Լիբանանի հարավային Հաբբուշ, Քաֆր Քիլա, Սահմար, Այն Քանա, Նաբատիա ալ-Թահտա և Քաֆր Ռեման բնակավայրերի բնակիչներին։

Բացի այդ, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնում է, որ հարավային Տյուրոս քաղաքում իսրայելական ուժերի կողմից մոտոցիկլետի թիրախավորման հետևանքով Սիրիայի երկու քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարվածը հասցվել է քաղաքում գտնվող լիբանանյան բանակի զորանոցների մոտակայքում։

Source: https://news.am/hy/news/1039162