Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմական մեթոդները չեն ապահովի Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը, և կոչ է արել հակամարտությունը լուծել դիվանագիտության, այլ ոչ թե մշտական պատերազմի միջոցով։
Աունն ընդգծել է Լիբանանի պատրաստակամությունը բանակցություններին և չի բացառել պատմության մեջ առաջին հանդիպման հնարավորությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, սակայն միայն հրադադարի մասին համաձայնության հասնելուց հետո։
Լիբանանի նախագահի կարծիքով՝ Նեթանյահուն և «Հըզբոլլահ» շարժումն անօգուտ պատերազմ են վարում, այնինչ երկու երկրների ժողովուրդներն էլ հոգնել են 1948 թվականից ի վեր շարունակվող դիմակայությունից և հնարավորություն ունեն ընտրելու դիվանագիտական ուղին։
Ներկայիս սրացումն սկսվել է Իսրայելի քաղաքների ուղղությամբ «Հըզբոլլահ» շարժման հարվածներից հետո՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության, որի հետևանքով զոհվել էին իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և բարձրագույն ռազմական հրամանատարությունը։
Լիբանանում իսրայելական գործողության երեք ամիսների ընթացքում զոհվել է ավելի քան 3500 մարդ, երկրի բնակչության մեկ հինգերորդ մասը դարձել է փախստական, իսկ Իսրայելը բուֆերային գոտի ստեղծելու համար օկուպացրել է Լիբանանի հարավի ընդարձակ տարածքներ։ Իսրայելական կողմից զոհվել է 28 զինծառայող։
Source: https://news.am/hy/news/1041241