Անկարան ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից և նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք կողմերին խորհուրդ ենք տալիս որքան հնարավոր է շուտ դադարեցնել փոխադարձ հարվածները, վերադառնալ բանակցություններին և ավարտին հասցնել այն համաձայնագրի տեքստը, որի կնքմանը նրանք այդքան մոտ էին», — հինգշաբթի օրը Սոֆիայում իր բուլղարացի գործընկեր Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Վերջին օրերին բանակցությունները փաստացի հասել էին մի փուլի, երբ տեքստի որոշ հատվածներում մնացել էր հստակեցնել ընդամենը մի քանի կետ։ Սակայն մենք տեսնում ենք, որ սկսված փոխադարձ հարվածները իրավիճակի հետագա սրման վտանգ են պարունակում։ Եվ սա մեզ իսկապես մտահոգում է», — նշել է Ֆիդանը։
«Ռազմական գործողությունների սրումն ու լարվածության մեծացումը ոչ մեկին օգուտ չեն բերի», — հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։
Source: https://news.am/hy/news/1042855